Այս պահին Արգավանդի խճուղուց դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին ավտոմատավոր ոստիկաններ են կանգնած: Еpress.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվել է` արդյոք ավտոմատավոր ոստիկանների առկայությունը կապված է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ:
«Հայտարարված է պերեխվատ ծրագիր», – ասել է Մալխասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու Շիրակացի փողոցում կրակել են ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավոր Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանի (Շեկո) վրա:
Ավելի ուշ՝ հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդամնացման բաժանմունք տեղափոխված Արտյոմ Կարապետյանը մահացել է:
Ըստ շրջանառվող վարկածի՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այս երկու թիմակիցների հետ հարաբերություններ պարզող խումբը գլխավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մահացած եղբոր որդին:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հանցագործություն կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը: Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել Aravot.am-ը: Ըստ կայքի՝ հարձակում է եղել «Քավոր Հարութի» տան վրա, տանը եղել են մայրը, կինը և դուստրը: Այն պահին, երբ «Քավոր Հարութը» «Շեկոյի» հետ փորձել է մտնել տուն, հենց շեմի վրա հնչել են կրակոցները: Ըստ շրջակայքի բնակիչների՝ հարձակումը եղել է երկու փուլով. նախ կրակել են ատրճանակներով, հետո հեռացել են: Վերադարձել են ու կրակել արդեն ավտոմատներով:
Հարություն Խաչատրյանի վիճակն այս պահին ծանր է: Մահացած Արտյոմ Կարապետյանն ուներ 2 անչափահաս երեխա:
Տեսանյութը՝ «Շիրակ կենտրոնի»