«Ավելի լավ Երևան» (ԱԼԵ) Facebook-յան էջը ավտոմատ «հավանում էին» (լայքում են) այն օգտատերերը, ովքեր մտնում են Mediamall կայքը, քանի որ այդ կայքի գլխավոր էջի կոդի մեջ կար դեպի «ԱԼԵ»-ի լայքը տանող սկրիպտ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ոլորտի փորձագետ Նարեկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ավելի լավ Երևան»-ը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության կարգախոսն է:
Հարությունյանը պատմել է, թե ինչպես է հայտնաբերել լայք կեղծելու մեխանիզմը՝ նշելով, որ փաստը ստուգել ու հաստատել են նաև իր ծրագրավորող ընկերներից մի քանիսը:
Հարությունյանը հայտնաբերել է, որ ինքը Facebook-ում հավանել է «Ավելի լավ Երևանը», սակայն քանի որ նա վստահ է եղել, որ նման բան չի արել, փորձել է հասկանալ, թե ինչպես է իր լայքը կեղծվել:
«Տեսա, որ ընկերներիցս մեկը ևս ԱԼԵ-ի ֆանատ է դարձել: Կապվեցի իր հետ ու խնդրեցի, որ շտապ ասի իր վերջին կես ժամվա ընթացքում այցելած կայքերը:
Մի քանի անուններ թվեց: Ես ստուգեցի ընկերոջս վերջին կես ժամում այցելած կայքերի կոդերը, ու տեսա, որ Mediamall-ի գլխավոր էջի կոդում դրված է ԱԼԵ-ի հավանելու սկրիպտը:
Ի՞նչ գործ ունի ԱԼԵ-ի հավանելու սկրիպտը Mediamall-ի գլխավոր էջի կոդում… Ու էնպես է գրված, որ ավտոմատ կերպով հենց այցելում ես, այսինքն՝ կարդում ես ցանկացած լուր, դառնում ես ԱԼԵ-ի հավանող»,- ասել է Նարեկ Հարությունյանը:
Վերջինս նշել է, որ Facebook սոցիալական ցանցում դեպքի մասին իր գրառումից հետո կոդերը mediamall.am-ից հանել են, սակայն ինքը մինչ այդ հասցրել է ներբեռնել կոդի պատկերները: