Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, երեկ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը և հանձնարարել խորհրդարանական հանձնաժողովին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծ պատրաստել:
Ինչպես հաղորդում է իսրայելական «Հաարտեզ» պարներականը, լռության րոպեին դեմ չեն եղել ոչ իշխող կոալիցիայի անդամները, ոչ ընդդիմությունը: Երկու կողմերն էլ ընդունել են օրենքի նախագիծ պատրաստելու առաջարկը, չնայած վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունները բարելավման միտումներ ունեն:
«Մեզանից քանի՞սն են ծանոթ Հայոց ցեղասպանությանը: Ինչո՞ւ ենք մենք անտարբեր, երբ Թուրքիան չի ցանկանում պատասխանատվություն կրել: Մենք պետք է դեմ դուրս գանք մեր և աշխարհի լռությանը: Ոչ մի երկիր չկանգնեց հայերի կողքին: Ոչ մեկին հետաքրքիր չէր Ռուանդայի ցեղասպանությունը», – ասել է կոալիցիայի անդամ աջակողմյան «Հրեական տուն» կուսակցության պատագամավոր Այելեթ Շաքեդը:
Ընդդիմադիր «Մերեց» խմբակցության պատգամավոր Զեհավա Գալ-Օնը երեկվա նիստին հայտարարել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ անկախ նրանից, որ այս պահին ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ողղությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս երկուշաբթի Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը նույնպես պնդել էր, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Որպես մարդիկ և հրեաներ, մենք չպետք է անտեսենք այլ ժողովրդի ողբերգությունը, անկախ դիվանագիտական հարաբերությունների կարևորությունից: Մենք կշարունակենք հիշել հայերի զանգվածային սպանությունների տարելիցը, չնայած ժամանակակից Թուրքիայի հետ դաշինքային հարաբերություններ ունենք», – ասել էր Ռիվլինը:
Լուսանկարում՝ ապրիլի 23-ին Քնեսեթը քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, haaretz.com