հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հրանտ Դինք. Հայության հոգեվիճակը կամ ինչ է «թուրք» երևույթը հայերի համար

Հրանտ Դինք. Հայության հոգեվիճակը կամ ինչ է «թուրք» երևույթը հայերի համար

Հատված Հրանտ Դինքի «Հայության հոգեվիճակը կամ ծանր  ժառանգություն՝ հոգեխեղում» հոդվածից

Հայության խնդրի ամենաբարդ հատվածը բազմաշերտ սփյուռքահայությունն է, որի կազմակերպվածությունը, սակայն, այնքան էլ լավ չէ: Վերջինիս ջանքերը գլխավորապես կենտրոնացված են ինքնության պահպանման վրա: Ինքնության պահպանման և ձուլվելու մտավախությունը, սփյուռքահայության ինքնության մեջ տեղ գտած ներկայիս ամենաբնորոշիչ բացիլն է…

…Մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ արժեքները սպառնում են տեղական արժեքներին, սփյուռքը պետք է գերբնական ջանքեր գործադրի ինքնության գոնե մի փոքր մասը պահպանելու համար: Իսկ դա պահանջում է մասնավոր պատճառներ և հատուկ միջոցներ: Հայերը և հրեաները ունեն դրանք. ահավասիկ, սփյուռքի քաջ հայտնի երկու դասական օրինակ՝ երկուսի մասնավոր պատճառները նույնն են՝ ցեղասպանության ենթարկված լինելը…

Սփյուռքագոյացումը հայկական ինքնության համար մի նոր վիճակ ստեղծեց: Ավելի քան 5 միլիոնանոց սփյուռքի ներկայացուցիչները դարձան երկու ինքնության կրողներ: Այդ երկու ինքնությունները չէին սահմանափակվում զուտ ամերիկացի և հայ լինելով, այլ ավելի շատ նոր ինքնությունը բախվում էր հնի հետ: Հին ինքնությունը, ցավոք, կարոտախտ էր: Ընդամենը: «Հին» բնորոշումը ոչ թե «սպառված» կամ «հնացած», այլ «ազդեցությունը» կորցրած հասկանացություն էր… Դրանից ելնելով էլ նրանք ոչ թե ապրում, այլ աշխատում են ապրեցնել իրենց ինքնությունը…

Սփյուռքահայության ինքնության հիմնաքարը՝ «իրողությունները ճանաչելու պահանջի համառությունն է»… Հայկական սփյուռքի հոգեվիճակը բացատրվում է հենց այդ ընդհանուր համառությամբ: Մի կողմ թողնելով այն, որ աշխարհւ դեռևս չի ընդունել իրողությունները, հայերի ինքնության խաթարման հիմնական պատճառն այս հարցում թուրքերի դրսևորած բացարձակ անտարբերությունն է: Այդ պատճառով էլ հայ ժողովուրդը դեռևս շարունակում է տառապել հոգեխեղմամբ:  Թուրքը, ուզած-չուզած, միշտ էլ հայկական ինքնության մեջ ազգայնական դրսևորումների ձևավորման արտաքին ազդակն է եղել: 1915թ. իրադարձություններից հետո այսօր այն արդեն գագաթնակետին է հասել:

Ներկայումս հայկական ինքնության ձևավորման մեջ «թուրք» երևույթը կարևոր դեր է խաղում. հենց միայն թուրքին ընկալելու հարցում նկատվում են լուրջ տարբերություններ սփյուռքահայերի, հայաստանցիների և թուրքահայերի միջև: Այս երեք հատվածների հոգեխեղման հասցրած վնասն ու թողած ազդեցությունը տարբեր են՝ ծանր, միջին ու թեթև:

Թուրքահայերը ներկայումս ապրում են թուրքերի հետ միասին, Հայաստանի հայերը՝ թուրքերի հարևանությամբ, իսկ սփյուռքահայերի մեծ մասը՝ թուրքերից բավականաչափ հեռու: Ահա թուրքի հետ շփման տարածքային  հեռավարությունն էլ հանդիսանում է ինքնության խեղման հիմնական տարբերակիչ պատճառը:

Սփյուռքի համար թուրքը շարունակում է մնալ պատմության այն նույն թուրքը: Դա 1915 թվականի ցեղասպանությունն է, 1942 թվականի «Ունեցվածքի հարկով» տնտեսական ցեղասպանությունը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած վանդալիզմի նոր դրսևորումները: Նրանում արմատացած է համոզմունք, թե «թուրքը բնավ չի փոխվի»: Ինչպես անցյալում չստացվեց գոյակցել այդ թուրքի հետ, այդպես էլ ոչ այսօր, ոչ վաղը հնարավոր չի լինի համագործակցության եզրեր գտնել: հայաստանցիների համար էլ թուրքը շարունակում է մնալ պատմության այն նույն թուրքը, միայն թե հիմա՝ որպես հարևան: Ուզած-չուզած ստիպված ենք կողք կողքի ապրել: Իսկ թուրքահայերի համար թուրքն իր հետ ապրողն է:

Այս ամենով հանդերձ, եթե «թուրք» երևույթը սփյուռքահայերի համար ունի բացասական նշանակություն, ապա թուրքահայերի դեպքում այդպես չէ: Թուրքերի հետ ապրել, նրանց հետ երկխոսել և գոյակցել կարողանալը նշանակալիորեն կրճատեց թուրքահայերի ինքնության խեղումը և ցույց տվեց, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել…

… Հայության հոգեխեղման տարբեր արտացոլումներ են նկատվում ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Սփյուռքում դրանք ուղեկցվում են թուրքական դրոշ այրելով և հակաթուրքական կոչերով, Հայաստանում մեծ ու փոքր միասնաբար լուռ քայլում են դեպի Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ ծաղիկ դնելու անմեղ զոհերի հիշատակին: Իսկ թուրքահայերը, կամա, թե ակամա, ամենապանդուխտն են. ոչ հուշակոթող ունեն, ոչ էլ ապրիլի 24-ը հիշատակելու հնարավորություն: