Այսօր Թուրքիայում չի ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը կքննարկվի երկրի խորհրդարանում, բայց ընդհանուր մթնոլորտի փոփոխությունը վկայում է այն մասին, որ դա հնարավոր կլինի անել գալիք 5-10 տարիների ընթացքում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թուրքահայ լրագրող Արիս Նալչին (լուսանկարում)՝ անդրադառնալով քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության՝ խորհրդարանում 1915 թվականի դեպքերը քննելու համար հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
«Առջևում 2015 թվականն է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սակայն Թուրքիայում 2014-ին և 2015-ին համապետական ընտրություններ կան, և չեմ կարծում, որ այդ հարցին անդրադարձ լինի կարճ ժամանակահատվածում», – ասել է Նալչին:
Լրագրողն ընդգծել է, որ այսօր Թուրքիայում իշխանությունը մեծ հավանականությամբ կպահպանվի, քանի որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը ամենաբարձրն է՝ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ներկայումս բանտարկված Աբդուլա Օջալանի հետ մեկտեղ: Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրն օրակարգում կմնա, քանի որ հանրային տեղեկացվածությունն օրեցօր աճում է, և այս տարի, մասնավորապես, Սփյուռքի հայերն առաջին անգամ մասնակցեցին Ստամբուլում անցկացված զոհերի հիշատակի միջոցառումներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը կարող է խորհրդարանում բարձրացնել և առաջ տանել ցեղասպանության հարցը՝ Արիս Նալչին նշել է, որ ցանկության դեպքում դա, իհարկե, հնարավոր է:
«Սակայն քրդամետ կուսակցությունն իր խնդիրներն ունի, որոնց մասին առաջնային է խոսում: Չանայած դրան, քուրդ և քրդամետ մտավորականներն ու քաղաքական գործիչներն Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրացնելուն թուրքերից ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ավելի մոտ են », – ասել է մեր զրուցակիցը:
Նալչին նշել է, որ Թուրքիայում սկսել են հասկանալ, որ եթե, մասնավորապես, քրդական և հայկական հարցերը լուծում ստանան, ապա դա մեծ հնարավորություն է երկրի համար ուժեղացնել իր դերն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
«Էրդողանը գիտի, որ պատմությանն առերեսելն ու երկիրը վերափոխելն առողջարար կլինի թուրքերի համար: Եվ հենց հայերի և քրդերի հացրում դա այդպես է. պատկերացրեք, որ Թուրքիան այլևս խնդիրներ չի ունենա այդ ժողովուրդների Սփյուռքի հետ: Դա մեծ թեթևություն կլինի Թուրքիայի համար: Պատկերացրեք՝ Անատոլիայում թանգարաններ կառուցել հայերի համար և հայերի հետ միասին: Սա դեռևս երազանք է, բայց ոչ շատ հեռու: Եկեք ասենք՝ տասը տարի: Եթե, իհարկե, պատերազմներ չլինեն կամ իշխող կուսակցության հետ ինչ-որ բան չպատահի», – ասել է Արիս Նալչին: