Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից ամենաճիշտ քարոզարշավը կազմակերպել է ՀՀԿ-ն, կարծում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Epress.am-ի հետ զրույցում փորձագետն ասել է, որ ՀՀԿ-ի արշավը գրագետ է, քանի որ դրա ռազմավարությունից դուրս է մնացել ՀՀԿ-ի վարկաբեկված առաջնորդը, ոչ ցանկալի կուսակցական պաշտոնյաները, որոնք թեև հիմնականում Երևանում են գործում, սակայն քարոզարշավին չեն երևում, քանի որ բացասական են ընկալվում մարդիկանց կողմից, և նրանց երևալը միայն բացասաբար կազդեր ՀՀԿ-ի քարոզարշավի վրա:
«Ընտրությունները ներկայացվում են որպես Տարոն Մարգարյանի՝ լավ տղայի ընտրություններ: Սա, սակայն, դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ն հաջողություն է ունենալու ավագանու ընտրություններում, և չի նշանակում, որ հաջողություն չի ունենա: Դա կախված է երկու գործոններից»,- ասել է Բադալյանը:
Ըստ նրա՝ առաջին գործոնը ոչ իշխանական ուժերի՝ «Բարև Երևանի», ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի քարոզարշավի արդյունավետությունն է: Ըստ փորձագետի՝ այս 4 ուժերը մեկ քարոզ են անում ՝ ազատել Երևանը ՀՀԿ-ի մենաշնորհից:
Բադալյանի խոսքով՝ ընտրողին պետք է տալ ընտրության հնարավորություն ներկայիս Երևանի և իրենց առաջարկած Երևանի միջև, մինչդեռ այդ Երևանի պատկերը ոչ մի ոչ իշխանական ուժ չի առաջարկում:
«Երևանցին ունի խնդիրներ: Նրա համար բացարձակապես մեկ է՝ այդ խնդիրները ՀՀԿ-ն կլուծի, թե այլ մեկը»,- ասել է Բադալյանը:
Ինչևէ, այս ռազմավարական սխալը ևս չի նշանակում, որ ընդդիմադիր ուժերը հաջողություն չեն ունենա, կարծում է փորձագետը:
Երկրորդ գործոնը, ըստ փորձագետի, մայիսին 5-ին (ավագանու ընտրությունների օրը – խմբ.) քաղաքացիների ակտիվությունն է: Բադալյանի խոսքով՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե ՀՀԿ-ի հանդեպ ատելությունը կտանի՞ երևանցիներին նրա դեմ ընտրություն անելու, թե՞ երևանցիները, չտեսնելով այլ Երևանի հեռանկար, անտարբերություն կցուցաբերեն և չեն գնա ընտրատեղամաս, ինչը միայն ՀՀԿ-ի օգտին կլինի:
Մեր հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ապրիլի 9-ին և դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերը «Բարև Երևան» դաշինքի հնարավորությունների վրա՝ Բադալյանը պատասխանել է, որ, հնարավոր է, դրանք բացասական ազդեցություն ունենան, քանի որ նախ՝ որոշ մարդկանց մոտ հիասթափություն կա:
Ըստ Բադալյանի՝ ավելի կարևոր է այն, որ Հովհաննիսյանը իր ողջ ռեսուրսները Երևանում կենտրոնացնելու փոխարեն գնում է մարզային հանդիպումների, ինչը կարելի էր թողնել ընտրություններից հետո:
ՀԱԿ-ի ռազմավարության մասին խոսելով՝ Բադալյանն ասել է, որ կուսակցությունը թույլ է տալիս նույն սխալը, ինչ այլ ոչ իշխանական ուժեր՝ հայտարարելով, որ ավագանու ընտրությունները իշխանափոխության ուղի են:
Բադալյանը խորհուրդ է տվել չմոռանալ, որ ավագանու ընտրությունները քաղաքական միջոցառում են, և դրանք ոչ թե քաղաքապետի, այլ քաղաքի ավագանու կամ խորհրդարանի ընտրություններ են: