Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառում այսօր կայացած բողոքի ակցիայի ավարտին տնօրեն Ռադիկ Սարգսյանը սպառնացել է «փշրել» Epress.am-ի լրագրողի տեսախցիկը: Նա նաև ստել է լրագրողներին՝ ասելով, թե «տնօրենը դրսում է»:
Epress.am-ի թղթակիցը տոնավաճառում նկարահանումներ է իրականացրել, երբ նկատել է, որ մի տղամարդ ցուցումներ է տալիս աշխատակիցներին՝ պարտադրելով գործադուլ հայտարարած մարդկանց անցնել ներս ու բացել տաղավարները:
Մեր թղթակիցը մոտեցել է տղամարդուն «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հետ՝ ասելով, որ ցանկանում են զրուցել անձամբ տոնավաճառի տնօրենի հետ:
Տղամարդը գլխով ցույց է տվել տոնավաճառի մուտքն ու ասել. «Դրսում, դրսում ա, հենա, գնա հարցուփորձ արա»: Սարգսյանին ուղեկցող մարդիկ նույնպես համոզել են լրագրողներին, որ տնօրենը դրսում է: «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողը, դիմելով Սարգսյանին, հարցրել է՝ արդյո՞ք նա է տոնավաճառի տնօրենը:
Վերջինս ծաղրական տոնով հարցրել է. «Բա փայտս ո՞ւր եմ կոխե, որ ես եմ»: Լրագրողը հարցրել է «ի՞նչ փայտ»:
«Բա ձեռի փայտ ունի էդ տնօրենը», – շարունակել է տղամարդը:
Այդ ընթացքում, երբ Epress.am-ի լրագրողը նկարահանում է իրականացրել, տղամարդը փորձել է փակել տեսանկարչական սարքը՝ դիպչելով դրան, որի հետևանքով սարքը անջատվել է:
«Էտի պահի, մի նկարի, թե չէ կփշրեմ, կկոխեմ աչքդ»,- այդ ընթացքում ասել է տղամարդը:
Երբ նա հեռացել է, տոնավաճառի աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ լրագրողների զրուցակիցը տնօրեն Ռադիկ Սարգսյանն է եղել, ով արդեն ձեռնափայտ չունի, քանի որ վերջերս վիրահատության է ենթարկվել ու այլևս ձեռնափայտ չի կրում:
Մինչ լրագրողները փնտրել են պատասխանատու մեկին՝ պարզաբանումներ ստանալու համար, նրանց է մոտեցել տնօրինության ներկայացուցիչ Սամվել Ավետիսյանը ու զրուցել լրագրողների հետ:
Еpress.am-ի թղթակցի՝ «ինչո՞ւ է ղեկավարը խուսափում խոսել լրագրողների հետ» հարցին՝ Ավետիսյանը պատասխանել է, որ ղեկավարը հիվանդ է, ոտքի վրա երկար չի կարողանում կանգնել, և ի՞նչ տարբերություն՝ ով կխոսի՝ բուն ղեկավարը, թե ինքը:
Մինչ Ավետիսյանը մյուս լրագրողներին ներկայացնում էր գործադուլավորների խնդրի լուծման իրենց տարբերակները, Սարգսյանը հեռվից ուշադիր հետևում էր նրանց զրույցին:
Դեպքի վայրում ներկա լրագրողները և հավաքված մարդիկ հաստատել են, որ ականատես են եղել՝ ինչպես է սպառնում Սարգսյանը:
Նշենք, որ այսօր Մալաթիա տոնավաճառում բարձրացած բողոքի ալիքը, որը ուղղված է եղել ղեկավարության դեմ, տոնավաճառի մուտքի մոտ էր հավաքել մի քանի հարյուր աշխատակիցների: Ակցիայի մասնակիցները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքել են, որ տնօրինությունը աստղաբաշխական թվերի հասնող վարձավճարներ է պահանջում, գումարած դրան՝ նաև գանձումներ է անում հոսանքի ու տաղավարից դուրս ցուցադրված ապրանքների համար:
«Տեղի վարձը շատ թանկ է, 1 քմ-ի համար մուծում ենք 35.000 դրամ, արդեն առևտուր էլ չի լինում, բայց ստիպված ենք վճարել: Վաղն էլ մուծման օր է՝ որտեղի՞ց վճարենք: էլ չենք կարողոնում պարտք անել, բերել մուծել: Էլ պարտք տվող էլ չկա», – նշել է մեր զրուցակից Հասմիկը:
Աշխատակիցներից շատերի պնդմամբ՝ այսօր իրենց մեծ մասը վարկեր է վերցրել բանկերից՝ տոնավաճառում «բաժինը պահելու համար»:
«Բոլոր խանութները զեղչեր են արել, մյուս տոնավաճառներում նույնպես վարձավճարների գները նվազեցրել են, քանի որ շուրջ մեկ տարի է՝ առևտուր չկա: Որ իմանանք մեկ կամ երկու ամիս է, էլի կդիմանանք, բայց գնալով վիճակն էլ ավելի է վատանում», – բողոքել է տոնավաճառի աշխատակից Լալան:
Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ քաղաքի մի շարք խանութներում ու տոնավաճառներում ղեկավարությունը զիջումների է գնում այն ամիսներին, երբ ընդհանրապես առևտուրը «կանգնած է լինում»:
Բողոքողներից ոմանք ընդգծել են, որ վերջին ամիսներին շատերն են հանձնել երկար տարիներ վարձակալությամբ վերցրած իրեց տաղավարները՝ կամ հեռացել են Հայաստանից, կամ՝ մնացել առանց աշխատանք:
Ավելի ուշ հավաքվածներին է մոտեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ու, դիմելով գործադուլավորներին, ասել է՝ «էսքան մարդու թաղապետ եմ, եկել եմ, ասում եմ՝ վստահեք ինձ ու անցեք ձեր աշխատանքին»:
«Ի՞նչ պատասխանեմ էսքանիդ, որ մի իրեք հոգի փորձում են սա սարքել ու եսիմինչ քաղաքականացնել: Երեք հոգով ուզում եք միտինգ անեք, միտինգներ մի արա, տիկին, դու չես ուզում, մի բացի, էդ մարդկանց մի հայտարարի: Մի քանի հոգով եթե փորձում են սրանով անձնական կամ քաղաքական հարց լուծել, իրանք շատ սխալվում են: Էս ժողովուրդը էնքան հասուն ա քաղաքկանապես ու իմ կողքին կանգնած,պետք չի ստեղ որևէ աստառ տալ,եթե մի քանի հոգի փորձում են միտինգային բան սարքել՝ սխալվում են, չի լինի: Ես ասում եմ, բացեք, աշխատեք, մինչև ամսի 2-ը կքննարկենք ու կասենք»,- բարձրաձայն հայտարարել է Օհանյանը՝ նշելով թե ինքը լուծումներ չի առաջարկում, այլ ուղղակի մասնակցելու է հարցի քննարկմանը ու ներկայացնելու է տոնավաճառի աշխատակիցներին:
Օհանյանը նաև բանակցել է Ռադիկ Սարգսյանի հետ, ինչի արդյունքում պայմանավորավածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 2-ը վճարումները չգանձել՝ մինչ կավարտվեն քննարկումները: Տոնավաճառի աշխատակիցները խնդրում են իջեցնել վարձը, այլապես խոստանում են շարունակել գործադուլն ու ակցիաները: