Քննիչ Աշոտ Մարտիրոսյանը խոշոր չափի գույքին վնաս հասցնելու մեջ մեղադրվող քաղաքացի Ռոբերտ Փիլոյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ծեծի է ենթարկել նրան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Փիլոյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը: Նրա խոսքով՝ Փիլոյանը հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայություն՝ կցելով նաև դատաբժշկի տված եզրակացությունը: Փաստաբանն ասել է, որ, տեսնելով Փիլոյանի մարմնի կապտուկները, նրան բերման ենթարկելու օրը չեն կալանավորել:
Փիլոյանը՝ ևս չորս անձանց հետ միասին, մեղադրվում է Նորապատ գյուղում այրելու միջոցով խոշոր չափի գույքային վնաս հասցնելու մեջ: Փաստաբանը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալն իր ընկերների հետ ընդամենը մեքենայով անցել է այդ օրը գյուղով և հանցագործության հետ որևէ կապ չունի:
Գործով դատական նիստը կայացել է ապրիլի 20-ին: Դավթյանն ասել է, որ հնչել է միջնորդություն Փիլոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք սահմանելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, անօրեն որոշում է, քանի որ Փիլոյանի նկատմամբ այդ միջնորդությունը արվել է բերման ենթարկելուց 72 ժամ անց:
Դավթյանը բողոքարկել է կալանքի մասին միջնորդությունը, իսկ երկուշաբթի օրը դիմելու է դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու դեմ, քանի որ դրա համար, ըստ փաստաբանի, հիմքեր չկան:
Դավթյանի խոսքով՝ ապրիլի 20-ի նիստին տուժած կողմին թույլ չեն տվել հանձնել հայտարարությունն այն մասին, որ իրենք կասկածյալների դեմ որևէ բողոք չունեն: