Home / Հայաստան / Ընտրություններին ամենատարածված խախտումները՝ ըստ «Թրանսփարենսի Ինտեռնեյշնլ»-ի

Ընտրություններին ամենատարածված խախտումները՝ ըստ «Թրանսփարենսի Ինտեռնեյշնլ»-ի

Երևանի ավագանու ընտրությունների ամենատարածված խախտումը  ընտրությունների հետ կապ չունեցող մարդկանց ներկայությունն էր ընտրական տեղամասերում, երկրորդը՝  մարդկանց փոխադրումը տեղամասեր հանրային տրանսպորտով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինտեռնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանը: Հիշեցնենք, որ ՀԿ-ն ընտրությունների օրը դիտորդական առաքելություն է անցկացրել 7, 8, 11, 13-րդ ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն թաղամասերում:

Այվազյանի խոսքով՝ այս ընտրություններն աչքի են ընկել նաև ընտրակաշառքի բաժանմամբ՝ ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, վարչական ռեսուրսի կիրառման, թաղային հեղինակությունների՝ ՀՀԿ-ականներ Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և այլոց մարդկանց միջամտությամբ և ճնշումներով:

Ընտրություններին խախտվել է նաև անցկացման ընթացակարգը, մասնավորապես,  որոշ տեղամասերում խախտվել են լրագրողների, դիտորդների իրավունքները և նրանց որոշ դեպքերում թույլ չեն տվել մտնել տեղամաս, ընդհակառակը՝ որոշ դեպքերում ավելի քան մեկ վստահված անձ է գրանցվել, ինչն արգելվում է: Բացի կողմնակի վստահված անձանցից, բազում կողմնակի անձինք մուտք ու ելք են արել տեղամասեր, ընդ որում՝ նաև հաշվարկի ժամանակ:

Սոնա Այվազյանը նկատել է, որ որոշ խախտումներ պայմանավորված են ընտրական օրենսգրքի բացերով, մասնավորապես այն, որ արդյունքների բողոքարկումը թույլատվում է մինչև հաջորդ օրը ժամը 18.00-ն, ինչը գործնականում հնավոր չէ հասցնել:

«Թրանսպերանսի Ինտեռնեշնլ»-ն ունի ընտրախախտումների մասին 80 բողոք: