Անցյալ շաբաթ այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել: Փոփոխության համաձայն՝ այլընտրանքային զինվորական ծառայությունը 36 ամսից կրճատվել է 30 ամսի, իսկ այլընտրանքային աշխատանքի 42 ամիսը կրճատվել է` հասցվելով 36 ամսի: Բացի դրանից, փոփոխությունները նախատեսում են նաև այն, որ այլընտրանքային ծառայություն անցնող մարդիկ այլևս առանձին համազգեստ չպետք է կրեն: Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով օրենքում կատարված փոփոխությունները՝ «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ դրանցով օրենքը, անկասկած, ավելի լավն է դառնում, թեև դժվար է ասել՝ օրենքը կկիառվի՞, թե՝ ոչ: Իրավապաշտպանը կարևոր է համարել այն փոփոխությունը, որ այսուհետ այլընտրանքային ծառայություն անցնողներին չեն հսկելու զինվորական մարմինները:
Դանիելյանին մտահոգել է օրենքով նախատեսվող համապետական հանձնաժողովի ապագա կազմը, որում պետք է ներգրավվեն առողջապահության, կրթության և գիտության, տարածքային ինքնակառավարման, պաշտպանության և այլ ոլորտների պետական աշխատողներ: Ինչ վերաբերում է հանրային սեկտորի ներկայությանը հանձնաժողովում, ապա, ըստ օրենքի, կրոնական կազմակերպությունների և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ կարող են ներգրավվել հանձնաժողովում, սակայն դա պարտադիր չէ:
Դանիելյանը հիշեցրել է, որ 1997 թվականին իրենց առաջարկած նախագծի համաձայն՝ այլընտրանքային ծառայության հանձնաժողովում պետք է պարտադիր ներգրավված լինեն առնվազն երկու կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ, երկու իրավաբան և մեկ հոգեբան:
Իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ օրենքում բարեփոխումներ կատարելը պայմանավորված չէ իշխանությունների բարի կամքով, այլ նրանով, որ Մարդու իրավունքների դատարանը Հայաստանի դեմ վերջերս շատ վճիռներ է կայացրել՝ կապված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներին ազատազրկման դատապարտելու հետ: Այդ վճիռները ՀՀ-ի դեմ են եղել, և պետությունը պարտավոր է մեծ գումարներ վճարել կամ արդեն վճարել է: Ըստ Դանիելյանի՝ հենց այդ պատճառով էլ իշխանությունները ստիպված են գնացել օրենքի փոփոխության:
«Ես հաճախ ասում եմ, որ միջազգային մարմինների կողմից երկրի դեմ ֆինանսական սանկցիաներ կիրառելը ճիշտ է, սանկցիաներ, որոնք կապված են իրենց բարեկեցության հետ: Այդ դեպքում ինչ-որ բան կարող է փոխվել», – ասել է Դանիելյանը: