Սփյուռքի նախարարությունը սպառնացել է ոչ այնքան բարձրաստիճան մի պաշտոնյայի, գրում է «168 ժամ» պարբերականը:
Պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, թերթի թղթակցին պատմել է, որ վարձակալության տալով իր բնակարանը սիրիահայ ընտանիքի, տհաճ վիճակում է հայտնվել:
Երկու ամիս ապրելով բնակարանում՝ սիրիահայ ընտանիքը հրաժարվել է վճարել նախապես պայմանավորված գումարը՝ 150 հազար դրամ՝ նշելով, որ կարող է վճարել միայն 50 հազարը:
Երբ ինքը պահանջել է ազատել բնակարանը, սիրիահայ ընտանիքը դիմել է Սփյուռքի նախարարություն:
«Ենթադրվում է, որ Սփյուռքի նախարարությունում սիրիահայ ընտանիքին օգնելու համար պետք է ֆինանսական օժանդակություն տրամադրեին՝ տալով պակասող 100 հազարը, բայց այնտեղ որոշել են խնդրին ավելի արմատական լուծում տալ», – գրում է «168 ժամ»-ը:
Ըստ թերթի զրուցակցի՝ իրեն զանգահարել է Սփյուռքի նախարարության ինչ-որ աշխատակից և պահանջել է չանհանգստացնել սիրիահայերին. «Ի՞նչ է, դու հայրենասեր չե՞ս, դու չե՞ս ուզում օգնել ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»:
Երբ տան տերը համառել է՝ ասելով, որ իր իրավունքն է տնօրինել իր սեփականությունը, նախարարության աշխատակիցը նրան սպառնացել է.
«Իսկ ի՞նչ միջոցներով ես ձեռք բերել այդ սեփականությունդ, չլինի՞ թե աշխատավարձով: Երևի ուզում ես, որ անունդ ամբողջ Հայաստանն իմանա, իմանան, թե ինչպես ես մարդկանց տանից դուրս գցում, ինչպես ես վարվում սիրիահայ ընտանիքի հետ»:
Թերթի զրուցակիցը գերադասել է լռել՝ հասկանալով, որ կարող է կորցնել իր աշխատանքը: Նա վտահեցրել է, որ ինքը եզակի զոհ չէ, նման վիճակում են հայտնվել բազմաթիվ մարդիկ և խորհուրդ է տվել կապվել անշարժ գույքի գործակալությունների հետ:
«168 ժամ»-ի թղթակիցը նման մի քանի փորձ է արել, սակայն բրոքերները հրաժարվել են այդ թեմայով խոսել: Բայց նրանք բոլորն էլ հաստատել են, որ բնակարանների սեփականատերերը զգուշանում են սիրիահայերին բնակարան տրամադրել՝ նշելով, որ չեն վստահում, բացի դա, սիրիահայերը գումարը ուշացնում են:
«Ի վերջո, բրոքերներից մեկը հաստատեց, որ սիրիահայերի համար իրենք բնակարան չեն փնտրում, որովհետև եղել են դեպքեր, երբ վերջիններս հրաժարվել են վճարել նախապես պայմանավորված գումարը, և բնակարանի սեփականատերն իրենց է մեղադրել նման հաճախորդ գտնելու համար», – գրում է թերթը:
Երեկ «168 ժամ»-ի թղթակիցը կապվել է նաև Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայկական համայնքների վարչության հետ, որի աշխատակից Թամարան նշել է, որ սիրիահայերի բնակարանային խնդիրների մասին հարցին իրավասու է պատասխանել վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Վերջինս, սակայն, ամբողջ օրվա ընթացքում ազատ ժամանակ չի գտել թղթակցի հարցը լսելու համար:
«Երևի ժամանակի մեծ մասը ծախսում է հայրենասիրության դասեր տալու վրա», – գրել է թերթը: