Մարց գյուղում փոքր ՀԷԿ կառուցող «Մարցէներջի» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Սիմոնյանը երեկ այցելել է գյուղ՝ հանդիպելու բնակիչներին և քննարկելու ՓՀԷԿ-ի կառուցման հարցը: Մարցի բնակիչ Պարգևը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Սիմոնյանը փորձել է գյուղացիներին համոզել, որ ՀԷԿ-ի կառուցումը բխում է իրենց շահերից: «Ասում էր, որ աշխատատեղեր կլինեն, խոստանում էր, որ ամառվա երեք ամիսներին ՓՀԷԿ-ը չի աշխատացնի, իսկ երբ այն գործի, ջրի 30%-ը կթողնի գյուղատնտեսության համար: Նաև խոստանում էր, որ գյուղն էլեկտրականությամբ ապահովելու հարցը կլուծի»,- պատմնել է Պարգևը:
Նրա խոսքով՝ գյուղացիներն ասել են, որ որևէ առաջարկ չեն ուզում լսել և կտրականապես դեմ են ՓՀԷԿ-ին: Թեև Սիմոնյանը խոստացել է հետ կանգնել ՀԷԿ կառուցելու գաղափարից, գյուղացիները նրան չեն հավատացել:
«Մենք չենք կարծում, որ այդպես հեշտ հարցը լուծվելու է: Կարծում ենք՝ նա էլի է գալու հանդիպման, սակայն մենք մեր որոշումը չենք փոխելու, դա հաստատ է»,- ասել է Մարցի բնակիչը:
Հիշեցնենք, որ Մարցում մեկ հանրային լսում է անցկացվել, որի մասին գյուղացիները տեղեկացել են լսումներից հետո միայն: Նրանք դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, որովհետև այն ոչ միայն կվտանգի գետի գոյությունը, այլև կխլի ոռոգման ջուրը: Մայիսի 5-ին գյուղացիները իրենց բողոքը արտահայտել էին՝ ձորը նետելով «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները:
Լուսանկարը՝ ԷկոԼուր-ի