Կաթնամթերքի գները մինչև 10%-ով ավելացել են, ինչը պայմանավորված է հումքի, առավելապես՝ կաթի թանկացմամբ: Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ նման պատճառաբանությամբ են հանդես եկել Հայաստանի առաջատար կաթնամթերք արտադրողներից «Աշտարակ կաթ», «Մարիաննա» և «Չանախ» ընկերությունները:
«Գնային փոփոխությունը, որը չի գերազանցում 2-10%-ը, տարածվում է կաթնամթերքի ողջ տեսականու վրա, քանի որ հիմնական հումքի թանկացումը տարբեր չափով ազդում է անուն-ապրանքատեսակների գնագոյացման վրա»,- մեզ հետ զրույցում ասել է «Աշտարակ Կաթ» ընկերության ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը:
Կաթնամթերքի արտադրության հիմնական հումքը հանդիսանում է կաթը և արտերկրից ներկրվող նյութերն ու պարագաները: Առաքելյանն ասել է, որ իրականում հումքի գնաճն անհամեմատ ավելի բարձր տոկոս է կազմում, քան այն 10 տոկոսը, որով կաթնամթերքը թանկացրել են:
«Դրանց գումարվում է նաև դրամի արժեզրկումը: Ընդհանուր առմամբ՝ վերջին շրջանի համընդանուր գնաճի պայմաններում մյուս ապրանքների համեմատ կաթնամթերքի գնային փոփոխությունը չնչին տոկոս է կազմում»,- ասել է Արթուր Առաքելյանը:
«Մարիաննա» ընկերության մարկետինգի բաժնից Epress.am-ին ասել են, որ ապրանքների գների աճը տատնվում է 5-8%-ի սահմաններում, իսկ գները բարձրացել են մայիսի 9-ից:
«Մենք՝ արտադրողներս, փորձում էին զսպել գնաճը՝ մեր ընկերությունների հաշվին: Իրականում կաթի և այլ հումքերի գինը բարձրացվել է դեռևս անցյալ տարվանից: Մենք փորձում էինք այնպես անել, որ սպառողի վրա դա չանդրադառնա»,- ասել են «Մարիաննայից»:
«Չանախ» ընկերությունից էլ ասել են, որ թեև դեռ գների փոփոխություն չկա, իրենք հաշվարկներ են կատարում՝ որոշելու համար, թե որ ապրանքատեսակը քանի տոկոսով է թանկանալու:
«Կաթ չկա: Մեզ դիմելու փոխարեն, գնացեք գյուղ, տեսեք, որ կաթ չկա: Եվ քիչ է, և թանկ: Գյուղացիները ասում են՝ սա է գինը, ուզում եք գնեք, ուզում եք՝ չէ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը: