ՀՀ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում «քցել» ՌԴ առողջապահության նախարարության «Դմիտրի Ռոգաչովի մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի» ֆեդերալ գիտակլինիկական կենտրոնին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է ՊՆ-ն հատուցել 2012 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում արյան հիվանդությունից մահացած ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման համար պայմանագրով ամրագրաված գումարը:
«ՀՀ Պաշտպանության նախարարությունը պայմանագիր ունի կլինիկայի հետ, ու Արթուր Քոչարյանի ծնողները այդ գումարի հետ ոչ մի կապ այլևս չունեն. ՊՆ-ն անգամ հրապարակել է համապատասխան պայմանագրի տեքստը: Այդ խնդիրը իրավական հարթությունում է, ու եթե պարտքի խնդիր կա, ապա այդ հիվանդանոցը այդ խնդիրը լուծում է ՊՆ-ի հետ», – ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է՝ թեև ամսաթիվը չի հիշում, բայց վստահ է, որ գումարի մասնակի փոխանցում արդեն եղել է, իսկ պայմանագրում ամրագրված ամբողջական գումարի փոխանցման մասին քննարկումներ են եղել:
Խնդրի վերաբերյալ այլ մանրամասներ Հովհաննիսյանը մեզ խոստացել է փոխանցել վաղը:
Նշենք, որ Հովհաննիսյանը նոյմեբերի վերջին Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ «գումարը մոտ օրերս կփոխանցվի»:
Երեկ Արթուր Քոչարյանի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ որդու մահվանից հետո 5 ամիս է անցել, սակայն գումարը դեռևս չի փոխանցվել կլինիկային, որտեղից իրեն անհանգստացնում են այդ հարցով: Քոչարյանի խոսքով՝ նա որդուն Մոսկվա էր տարել իր միջոցներով և բուժման համար պահանջվող գումարի կեսից ավելին արդեն վճարել է ու այժմ պարտքեր ունի: