Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Epress.am-ի հետ զրույցում խոսել է «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ Հայաստանում գազի գինը մոտ 67%-ով բարձրացնելու առաջարկի մասին:
– Կանխատեսելի՞ էր արդյոք գազի գնի բարձրացման նման առաջարկը:
– 2012 թվականի նոյեմբերի 1-ին դեռ ասել եմ, որ չընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է: Պետք է չմոռանալ, որ առ այսօր «Հայռուսգազարդ»-ը ինչ գնով գնում է գազը սահմանի վրա, կրկնակի գնով է վաճառում Հայաստանում (գնում է 180 դոլարով, վաճառում է 360 դոլարով): Չմոռանանք նաև, որ մեր պետությունը «Հայռուսգազարդում» ուներ 10-20% բաժնեմաս, հետևապես ուներ իր ձայնը, ինչու խորհրդի նիստի ժամանակ չի երևացել երբեք Հայաստանի կողմի դիրքորոշումը: Ինչու հերթական գազի թանկացումը ներկայացնում են որպես իրողություն, որպես փաստ և ցույց չեն տալիս, թե ինչ է արվում, որ նման բան չլինի: Ունեն իրենք բաժնեմաս, թե չունեն, նույն սցենարն է գնում: Սա անընդունելի է:
– Հնարավո՞ր է, որ գնի բարձրացման այլ տարբերակ ընդունվի, և որ այն այդքան մեծ չլինի:
– Վերջնական գինը բանակցությունների հարց է, ուղղակի փաստենք, որ հայկական կողմը զիջում է, և «Հայռուսգազարդ»-ը շարունակում է ստանալ գերշահույթներ թե հին գներով, թե ապագա գներով, որովհետև ինքը գների բարձրացումը ամբողջությամբ բարդում է սպառողի վրա: Եթե ավելի թանկ գնում է և գինը բարձրացնում, նշանակում է, կորուստ չի ունենում: Իսկ եթե մենք նայենք «Հայռուսգազարդ»-ի հաշվեկշիռը և ծախսային մասը, դուք կտեսնեք, որ ադմինիստրատիվ ծախսերը մեծ կլինեն, ուղղակի գործունեության հետ չառնչվող ծախսերը մեծ կլինեն, այսինքն՝ «Հայռուսգազարդ»-ը՝ անկախ գազի գնից, խնդիր չունի, խնդիր ունի սպառողը:
– Ինչպե՞ս գազի գնի թանկացումը կանդրադառնա այլ ոլորտների վրա:
– Եթե հացի գնի մեջ գազի գինը կազմում է 10%, պատկերացնենք, որ գազը թանկանում է 65%-ով, սա նշանակում է, որ հացի գինը առնվազն 6.5%-ով կթանկանա: Քանի որ Հայաստանում շատ են գազով աշխատող տրանսպորտային միջոցները, հետևապես, ապրանքի տեղափոխման մեջ կմտնի տրանսպորտային թանկացումը: Այսինքն՝ նույն հացի վրա կնստի նաև տրանսպորտային ծախսը, այսինքն՝ հացը 10%-ով թանկանա: Մեզ մոտ էլ թանկացումը հիմնականում արվում է քաշի պակասեցմամբ, այսինքն՝ 10%-ով թեթև հաց կգնենք»:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ գների թանկացման պատճառով հասարակական ընդվզում սկսվի:
– Նախ այն, որ այս հարցով պետք է հասարակական սեկտորը զբաղվի, արդեն վկայում է, որ պետությունը հիվանդ է և իր գործառույթները չի իրականցնում: Հնարավոր է ընդվզում, եթե կուսակցությունները չխառնվեն: Նրանք խանգարում են: Նրանց մոտ լավ է ստացվում միայն ընտրություններից առաջ դոշ ծեծելը, ընտրություններից հետո «քոռանամ ես» ասելը: Մենք կուսակցությունների հետ այլևս հույս չպետք է կապենք:
Լուսանկարը՝ 1in.am