Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Դավիթաշեն երկրորդ թաղամասի մոտ 3 տասնյակ բնակիչներ՝ պահանջելով «Տոնուս» ընկերությունից ավարտին հասցնել իրենց հետ կնքված պայմանագրի դրույթները:
Բնակիչները Epress.am-ի թղթակցին պատմել են, որ 2006 թվականի հոկտեմբեր ամսից պամանագրեր են կապել ընկերության հետ և գումարներ վճարել, ըստ որի ընկերությունը պետք է 2008 թվականին ավարտին հասցներ շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները:
Նշենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:
«Ուղիղ 7 տարի է՝ այսօր, վաղը, այսօր, վաղը խաբելով՝ նրանք մեր կողմից լրիվ անվստահություն են ձեռք բերել, դա մի կողմ, երկրորդը՝ մենք պահանջում ենք, ասում ենք՝ ի՞նչ ա կատարվում, ասում են՝ ««Արցախ» բանկը մեզանից խլել ա տունը», այսինքն՝ դա հավասար է նրան, որ ինչ-որ մեկի ինքը մեծ փող պարտք լինի՝ ինչ տարբերություն՝ բանկին է պարտք, թե՞ մարդու: Այդ ամբողջը ինքը էնքան հանգիստ ձևով ա 7 տարի հետո ասում, որ տունը ձերը չի», – նշել է ակցիայի մասնակից Անուշ Մացակյանը:
Վերջինս պատմել է, թե 2 օր առաջ իրենք ժողովի են եղել, և Տոնոյանի եղբոր որդին՝ Նշանը, իրենց ասել է, թե տունն այլևս իրենցը չէ, ու խորհուրդ է տվել գոնե գնալ ու հետ ստանալ գումարները:
««Արցախ» բանկի հետ մենք պայմանագիր չունենք, մենք լրիվ մուծումները կատարել ենք «Տոնուս»-ի հետ, գնանք «Արցախ» բանկից ի՞նչ ուզենք, մի քանի օր ա, ինչ մեզ ասել են, որ մնացել ենք առանց բնակարանի: 9-հարկանի շենքը սարքեցին 11 հարկ, 11-ը՝ 14 հարկ, ասում էին՝ պահանջարկն էնքան շատ ա, հետո էլ 2009-ին ասացին, որ կրիզիս ա, չեն կարողանում ապահովել», – պատմել է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե շուտով տղան վերադառնալու է բանակից ու ինքը չգիտի՝ որտե՞ղ են ապրելու:
Ակցիայի մեկ այլ մասնակից Անուշ Թունյանը ասել է, որ ամբողջ խնդիրը բանկինն ու կազմակերպությանն են:
«Եթե այդ կազմակերպությունը 3-4 շենք ունի, և սա 5-րդ շենք է երևի, որ կառուցում է: Այդքան կառուցել է ու սնանկացել է, կամ չի կարողանում տոկոս տալ: Լավ, բայց բնակիչների մուծած գումարները բանկը որ տեսել է, շենքը կառուցվեց, նո՞ր հիշեց, որ քաոս է, չի կարողանում ավարտին հասցնել շինարարությունը: Բա վարկային գիծ կա, պատմություն կա, միգուցե ավելի շուտ ասեր՝ «հարգելի բնակիչ, գիտեք, ձեր կազմակերպությունը չի կարողանում ձգել, կամ մեկ ուրիշ բանկի դիմեք», – պատմել է Թունյանը:
Եզրափակելով խոսքը՝ Թույանն ասել է, որ խնդրում են կառավարությանը աջակցել, որպեսզի հնարավարություն ստեղծվի «Տոնուսը» գործարքը կատարի մեկ այլ բանկի հետ:
«Հենց հասավ մեր 150 բնակչին, ստացվեց այսպես, ինչ-որ մի բան է կատարվում, մենք չենք կարողանում հասկանալ», -ասել է ակցիայի մասնակից կինը:
Ավելի ուշ Epress.am-ը զրուցել է Անուշ Թունյանի հետ, ով ակցիայից հետո այլ բնակիչների հետ հանդիպել է «Արցախբանկ»-ի ղեկավարության հետ: Բանկից բնակիչներին խնդրել են բերել պայմանագրի պատճենները, որից հետո խոստացել են հարցը քննել:
Լուսանկարը՝ Galatv.am