Այսօր Ազգային ժողովը մերժել է ՀԱԿ խմբակցության կողմից առաջարկված Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը: Հանձնաժողով ստեղծելուն կողմ է եղել 48 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնապահ են մնացել երկու պատգամավոր: Հանձնաժողովի ստեղծմանը դեմ է եղել խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, այսպիսով տապալելով օրինագծի ընդունումը:
Դեռևս քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նախագծում կետեր կան, որոնք չեն գոհացնում Հանրապետականին, այդ իսկ պատճառով իրենք դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Գալուստ Սահակյանը ասել էր, որ եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետը չհանվի, Հանրապետականը «դեմ» կքվեարկի այդ որոշմանը:
Վերոնշյալ կետի համաձայն, քրեական գործի վարույթին մասնակցող կամ մասնակցած քննիչները պարտավոր են ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովին պարզաբանումներ տան, մինչդեռ ՀՀԿ-ն առաջարկում է կետ ավելացնել, համաձայն որի քննիչները պարզաբանումներ կարող են տալ միայն սեփական նախաձեռնությամբ:
«Ասում եմ, դա ինչո՞ւ եք գրել, շոուի տեղիք է տալիս, որ ինչ-որ մեկին հրավիրեն, չգա, ասեն՝ հանձնաժողովը որոշեց, չեկավ: Այդ վեճն է հիմա գնում: Մնացած բոլոր հարցերի շուրջ համաձայնվել ենք: Մնացել է այդ մի կետը: Համենայնդեպս, այս պահին համաձայնությունը չի ստացվում», – ասել էր Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով քվեարկությունից առաջ հնչեցրած Սահակյանի հայտարարությանը, հիշեցրել է, որ ՀՀԿ-ն դեռևս դեկտեմբերին խոստացել էր հանձնաժողովը ստեղծել փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ըստ Զուրաբյանի՝ այժմ խորհրդարանական մեծամասնությունը, փաստորեն, դրժում է իր խոստումը:
Դեկտեմբերին, երբ ՀԱԿ-ը համաձայնել էր ՀՀԿ-ի առաջարկին՝ հանձնաժողվ ստեղծել ընտրություններից հետո, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Epress.am-ի հետ զրույցում ներկայացրել էր համաձայնության գալու պատճառը:
«Ես համաձայնեցի, ինչի՞ համար, որովհետև ճիշտ է՝ մարտի 1-ի նախագծի հեղինակը մենք ենք՝ Կոնգրեսն է, բայց Մարտի 1-ի պահանջատերը մեր ողջ ժողովուրդն է, նախևառաջ այդ տասը զոհերն են, նրանց իրավահաջորդներն են, հարյուրավոր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, հազարավոր հալածյալ քաղաքացիներն են: Եվ ես այսպես ծանր ու թեթև արեցի, թե ո՞րն է ճիշտը՝ պահանջել այս պահին լուծել խնդիրը և դրական եզրակացություն չստանալ, ինչը ավտոմատ ենթադրում է, որ նաև օրակարգ հարցը չի մտնի, թե ստանալ երաշխիքներ հրապարակային մեծամասնության կողմից՝ տրված ԶԼՄ-ների ու մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջ: Քաղաքական մեծամասնությունը ընտրություններից հետո կողմ է լինելու նման հանձնաժողովի ստեղծմանը և աշխատանքին, ինչը ես դրական համարեցի և գնացի այդ փոխզիջմանը», – ասել էր Գագիկ Ջհանգիրյանը: