ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, այսօր ԱԺ-ում լսելով ՀՀԿ-ական պատգամավորների ելույթները` ի պաշտպանություն Կառավարության ծրագրի, ասել է, թե ինչով են դրանք տարբերվում ընդդիմադիր գործիչների ելույթներից:
«Մեր ելույթները, այո, գուցե ջղային են, բայց մենք չենք չարախնդում: Իսկ դուք չարախնդում եք ընդդիմության պառակտումը, այս կամ այն կուսակցության քիչ տոկոսներ հավաքելը, ոմանք նաև Առաջին Հանրապետության անկումն են չարախնդում»,- ասել է Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Արմեն Աշոտյանի ելույթը:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների հավաստիացումներին, որ երկրի անվտանգությունը վտանգված չէ՝ Հովհաննիսյանն ասել է. «Հարց եմ ուզում տալ. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ»:
Դիմելով Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին, Վարդան Այվազյանին, ովքեր այսօր ելույթներով են հանդես եկել ԱԺ-ում, ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է. «Եթե մի տեղ թեկնածություն դնեք, և ձեզ չպաշտպանի Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, դուք կընտրվե՞ք: Ձեզ էնքան կծեծեն, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլ կարտագաղթեք: Դուք ասում եք՝ մենք հաղթել ենք, սա քաղաքական գնահատական է: Մի՞թե դուք չեք տեսնում՝ ինչ կատաստրոֆիկ վիճակ է: Ազնիվ եղեք, պետք չէ չարախնդալ, դա նորից անջրպետ է առաջացնում»: