Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը պաշտոնապես հայտարարել է, որ Փակ շուկայում այս պահին շինարարություն չի ընթանում:
«Նախագիծը այս պահին գտնվում է քննարկման փուլում, մինչև քննարկումները չավարտվեն, շինարարությունը չի վերսկսվի», – հայտարարել է նախարարը:
Հարցը բարձրացրած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկել է միասին գնալ և տեսնել, որ շինարարությունը ընթացնում է, իսկ արդեն կառուցած նոր հարկաբաժինը չի ապամոնտաժվում:
Պատգամավորն ընդգծել է, որ այժմ, ըստ օրենքի, քրեական գործ պետք է հարուցվի, քանի որ Երևանի քաղաքապետարանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել օլիգարխ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, սակայն շինարարությունը դրանից հետո շարունակվել է:
Փոստանջյանը նշել է նաև, որ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել:
Նշենք, որ մայիսի ընթացքում Փակ շուկայում շարունակվող շինարարության մասին ահազանգել են հարակից շենքի բնակիչները: Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել շինարարությունը կասեցնելու համար:
Լուսանկարը Epress.am-ի թղթակցի կողմից արվել է մայիսի 21-ին