Home / Հայաստան / Գազի գնի շուրջ քննարկումը տապալվեց. չինովնիկը վիճեց ակտիվիստների հետ (ՎԻԴԵՈ)

Գազի գնի շուրջ քննարկումը տապալվեց. չինովնիկը վիճեց ակտիվիստների հետ (ՎԻԴԵՈ)

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած՝ գազի գնի թանկացման շուրջ քննարկումը սկսել է վիճաբանությամբ:

Քննարկմանը հրավիրված քաղաքացիական ակտիվիստները, որոնք վերջին շաբաթվա ընթացքում ակցիաներ են կազմակերպել գազի գնի թանկացման դեմ, դժգոհել են, որ տրամադրված սենյակը չափազանց փոքր և նման պայմաններում հնարավոր չէ աշխատել:

Հանձնաժողովի շենքում տրամադրված սենյակում գրեթե շարժվելու տեղ չի եղել, բացակայել են լրագրողների աշխատանքի համար նախատեսված տարրական պայմաններ: Ակտիվիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանին՝ նշելով, որ նման սենյակ միտումնավոր են ընտրել՝ արդյունավետ քննարկում թույլ չտալու համար: Նրանք առաջարկել են տեղափոխել քննարկման օրը և այն անցկացնել նորմալ պայմաններում և մեծ դահլիճում: Ըստ ակտիվիստների՝ այդ դեպքում քննարկմանը կկարողանան մասնակցել մեծ թվով մարդիկ՝ տնտեսագետներ, ակտիվիստներ, ովքեր հարցի շուրջ իրենց տեսակետը կներկայացնեն:

Ակտիվիստների բողոքից հետո ընդմիջում է հայտարարվել, ապա նրանց է դիմել Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ առաջարկելով աշխատանքային խմբեր ստեղծել և քննարկումները տարբեր օրերի անցկացնել:

Ռոբերտ Նազարյան

«Կամ դուք դիտմաբ խուսափում եք հանրային լսումներ կազմակերպելուց, նույնիսկ միկրոֆոն չեք ապահովել, որպեսզի ստիպված չլինենք գոռալով խոսել, բնական չէ՞, որ այս պայմաններում հնարավոր չէ աշխատել», – դիմելով Նազարյանին ասել է  ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, ինչին ի պատասխան հանձնաժողովի նախագահը ասել է, թե ինքը բոլորովին հակառակ կարծիքի է:

Նազարյանը  փորձել է հավաքվածներին վստահեցնել, թե դահլիճի մեծությունը միևնույն է՝ չի բավարարելու մասնակիցներին, սակայն ներկաները հակառակն են պնդել:

«Ես առաջարկում եմ միասին բարձրանանք մեր մյուս՝ 70 տեղանոց դահլիճը, այնտեղ շարունակենք քննարկումը», – առաջարկել է Նազարյանը, ինչը ավելի է բորբոքել հավաքվածների զայրույթը:

Իրավաբան Մերի Խաչատրյանն էլ առաջարկել է քննարկումը շարունակել պատշաճ վայրում՝ պնդելով, որ քննարկմանը մասնակցել ցանկացողների մի մասը դրսում է, ինչը հաստատել են նաև ներկաները: Հավաքվածները Նազարյանին առաջարկել են մոտ 200 տեղանոց դահլիճ գտնել:

«Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ լուրջ, մարդավարի քննարկումների, ինչն է մեզ խանգարո՞ւմ: Վերցնենք ասենք «Էրեբունի պլազայի», «Կառավարության նիստերի» դահլիճը, – բորբոքված ասել է Սադոյանը, սակայն Նազարյանը պնդել է բարձրանալ մյուս դահլիճ, որտեղ պայմաններն ավելի լավ են ու նաև առաջարկել  է թույլ տալ ԶԼՄ-ներին մի քանի րոպե նկարահանել, այնուհետ ազատել  դահլիճը:

«Ոչ, կամերան պետք է ֆիքսի, լրագրողը աչքերով չի նկարելու: Մենք նկարելու ենք ու պետք է ֆիքսենք այն ամենը՝ ինչ կատարվում է այստեղ», – հակադարձել է լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Ներկաները պնդել են, որ բոլորն առաջարկում են նոր դահլիճ վերցնել, իսկ Նազարյանը պատասխանել է՝ «ոչ, նոր դահլիճ չենք վերցնելու, ինչ պայմաններ ունենք, այդ պայմաններում էլ շարունակելու ենք»:

Ակտիվիստներից մեկն էլ փորձել է պարզել, թե ինչ պատճառով է Նազարյանը հրաժարվում այլ դահլիճից, ինչին վերջինս պատասխանել է՝«Ես չեմ ուզում շոուի մասնակից դառնալ»:

Ակտիվիստներին զայրացրել է «շոու» որակումը ու նրանք սկսել են հակադարձել, թե հանրային լսումը շոու անվանել չի կարելի:

«Պարոն Նազարյան, ձեր ասածն այն է, որ դուք շոու եք կազմակերպել, մենք էլ ձեր հանդիսատեսն ենք, դուք ձեր աշխատանքը շոու եք որակում: Սա կարող է ձեր համար շոու է, իսկ մենք վաղը գազի վարձ ենք մուծելու», – ասել է ակտիվիստներից մեկը:

Նազարյանը նշել է, թե ավարտում է նիստը և հետագա գործողությունների ու ասելիքների մասին կտեղեկացնի իրենց ինտերնետային կայքի միջոցով, ինչից հետո հնձնաժողովը հեռացել է: