Թուրքիայի արհմիությունների միությունը երկօրյա գործադուլ հայտարարել է: Այդ քայլով արհմիությունները սատարում են հակակառավարական ցույցերի մասնակիցներին, որոնց դեմ իրավապահ մարմինները ուժ են կիրառել:
Հասարակական աշխատակիցների միությունների կոնֆեդերացիան (KESK) տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ «բողոքների դեմ կիրառված պետական տեռորը ևս մեկ անգամ ապացուցել է ժողովրդավարության հանդեպ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության թշնամությունը»:
Կոնֆեդերացիան, որն ունի հաստատված 240,000 անդամ և որի կազմում 11 արհմիություն է մտնում, նշում է, որ գործադուլը սկսում է երեքշաբթի օրվանից:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, երեկ Թուրքիայի մի շարք քաղաքներում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ զանգվածային բողոքի ցույցերը շարունակվել են:
«Ալ Ջազիրան» գրում է, որ ցույցերի ընթացքում առնվազն երկու մարդ մահացել է: Դրանցից մեկը՝ 22-ամյա Աբդուլա Քոմերթը, գնդակահարվել է ոստիկանության կողմից երկուշաբթի երեկոյան Սիրիային սահըմանամերձ Անթակյա քաղաքում կազմակերպված ցույցի ժամանակ:
Ամենալարված իրավիճակը երեկ Ստամբուլում է եղել: Ցուցարարների կառուցած բարիկադները խոչընդոտել են երթևեկությունը, մասնավորապես, արգելափակելով մուտքը դեպի Թաքսիմ հրապարակի տարածք: Ցուցարարներից շատերը հակագազերով են շրջել՝ պաշտպանվելով ոստիկանության կողմից արձակվող արցունքաբեր գազից: Բողոքի ակցիայի մասնակցիները պահանջել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը հերթական անգամ կարողացել է ցրել ցուցարարներին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով:
Dogan լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկուշաբթի Անկարայում ձերբակալվել է մոտ 500 մարդ, իսկ Թուրքիայում գործող Fox հեռուստաընկերությունը, իր հերթին, նշում է, որ ևս 300-ը ձերբակալվել են Թուրքիայի երրորդ խոշորագույն քաղաքում՝ Իզմիրում:
Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը հայտնում է, որ ավելի քան 1000 ձերբակալված ցուցարարներ ոստիկանների կողմից ենթարկվել են «վատ վերաբերմունքի և խոշտանգումների» :
Չնայած երկրում տիրող իրավիճակին երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեփեձ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Մարոկո: Լրագրողների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ իրավիճակն իր երկրում «հանգստանում է»: