Դատելով Սերժ Սարգսյանի կողմից Անվատագնության խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատությունից՝ կարելի է վստահորեն ասել, որ նախագահը սև հումորի վարպետ է: ՀՀ նախագահի՝ երկու օր առաջ հնչեցրած ելույթին Epress.am-ի հետ զրույցում նման գնահատական է տվել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանի քննադատության մեջ «Ադրբեջան» բառը կարելի էր փոխարինել «Հայաստան» բառով, և դրանից ճշմարտությունը չէր տուժի:
«Երբ կարդում ենք Սարգսյանի տեքստը, տեսնում ենք, որ նա քննադատում է ադրբեջանական իշխանություններին, թե նրանք բանտարկում են ռեժիմի դեմ պայքարող երիտասարդներին, մենք անմիջապես հիշում ենք Տիգրան Առաքելյանին, ով 6 տարի ազատազրկման է ենթարկվել իր քաղաքական հայացնքերի համար: Երբ Սերժ Սարգսյանը խոսում է Ադրբեջանի կոռուպցիայից, մենք հիշում ենք, որ 1-2 ամիս առաջ ՀԱԿ-ը պաշտոնապես դիմեց ՀՔԾ-ին պարզելու, թե ինչպես է Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանը կուտակել 10 միլիոնը, որը նա հայտարարագրել էր Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելով: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա: Մենք հիշում ենք նաև, որ պարենային ապրանքատեսակներից շատերի դեպքում մենաշնորհներ կան, և դրանք տրվում են Բաղրամյան 26-ից: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա», – ասել է Բադալյանը:
Ըստ մեր զրուցակի՝ Ադրբեջանին մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ մեղադրող Սարգսյանի նախագահած երկրում մամուլը ևս ազատ չէ:
Այն հարցին, թե ինչ նպատակով է Սարգսյանը Անվտանության խորհրդի նիստին խոսել Ադրբեջանի մասին, փորձագետը պատասխանել է. «Երևի Սարգսյանի PR մասնագետները որոշել էին նրան ներկայացնել որպես ժողովրդավարության համար պայքարող առաջնորդ, մերօրյա Մահաթմա Գանդի, ցույց տալ, որ Հայաստանում վիճակը ավելի լավ է, քան Ադրբեջանում»:
Բադալյանի կարծիքով՝ պատահական չէ, որ այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի նախագահի նմանօրինակ հայտարարությունիցմի քանի օր հետո:
Մեր զրուցակիցը հիշեցրել է, որ Ալիևն իր քննադատության մեջ ասել էր մի բան, որն Ադրբեջանում չկա, բայց կա Հայաստանում, այն է, որ Հայաստանում շատ են արտագաղթում, և 3-4 տարուց Ադրբեջանի բնակչությունը 10 անգամ կգերազանցի Հայաստանի բնակչությանը:
«Ես չգիտեմ՝ ինչ փորձագետներ են հաշվարկել, թե 3-4 տարուց Ադրբեջանի ֆիասկո է սպասում: Բայց կարելի է գնալ Բագրատաշեն և «Զվարթնոց» (Հայաստանի սահմանային կետեր), տեսնելու, թե ինչ ֆիասկո է սպասում Հայաստանին», – ասել է Բադալյանը:
Ըստ փորձագետի՝ Սարգսյանի ելույթը, սակայն, հաջողություն չունեցավ և չշեղեց մարդկանց ուշադրությունը հայաստանյան խնդիրներից: