Հայաստանից արտերկիր մեկնողների շրջանում նկատվում է հստակ միտում թռիչքներ կատարել ոչ թե Երևանից, այլ Թբիլիսիից: Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները պարզաբանում են, որ պատճառը Վրաստանից ավիատոմսերի էապես էժան լինելն է: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Լևոն Թրավել» տուրաստական ընկերության տնօրեն Անահիտ Փափազյանը, Երևանից և Թբիլիսիից կատարվող թռիչքների տոմսերի գները միջինը 25-30%-ով տարբերվում են, իսկ որոշ դեպքերում տարբերությունը հասնում է մինչև 50%-ի:
«Բագրատ Տուր» ընկերության աշխատակից Անահիտ Սողոյանի տվյալների համաձայն՝ Թբիլիսիից հայաստանցիները կատարում են հիմնականում դեպի Եվրոպա թռիչքները, ավելի ստույգ՝ Հայաստանից Եվրոպա մեկնողների 60%-ը նախընտրում է մի քանի ժամ ծախսել մեքենայով Վրաստան հասնելու վրա և այնտեղից չվել:
Գնային տարբերության պատճառները, ոլորտի աշխատակիցների խոսքով, հիմնականում երկուսն են: Առաջին՝ «Արմավիա» ընկերության լուծարումը, ինչն անդրադարձել է Հայաստանից չվերթներ իրականացնող այլ ընկերությունների ծանրաբեռնվելու վրա: Երկրորդ պատճառն այն է, որ Թբիլիսիից օրական իրականացվող չվերթների թիվը գնալով ավելանում է:
Փափազյանը համեմատության համար ասել է, որ, օրինակ, «Թուրքական ավիաուղիները» Թբիլիսիից Ստամբուլ կատարում են օրական 2-3 չվերթ:
«Թբիլիսիից ավելի էժան գներ են առաջարկում անգամ այն ավիաընկերությունները, որոնք թռիչքներ իրականացնում են նաև Երևանից, օրինակ՝ «Ուկրաինական ուղիներ» և «Ալիտալիա» ավիաընկերությունները»,- ասել է «Լևոն Թրավել»-ի տնօրենը:
Պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ Թբիլիսիիում մրցակությունը մեծ է, իսկ հայաստանցի ուղևորների համար բարձ գներ սահմանելու համար կարիք չկա մեղադրել օտար ավիաընկերություններին, քանի որ նրանք Հայաստանի օդանավակայանին ավելի շատ սպասարկման վարձեր են վճարում, քան այլ օդանավակայաններին:
«Մեր օդանավակայանը շատ լավն է: Այն հագեցված է շատ լավ տեխնիկայով, որ աշխարհի շատ քիչ քաղաքներում կա: Սակայն այդ ամեն ինչը պահելը ծախսերի հետ է կապված: Քանի որ չվերթները քիչ են, միավոր սպասարկման գումարի բեռը ավելի քիչ ուղևորների ուսերին է մնում, այսինքն՝ տոմսերի գներն են բարձր լինում: Քանի որ այսպես թե այնպես պետք է օդանավակայանին վճարի, ավիաընկերությունները հաճախ արհեստականորեն փակում են էժան կարգերը, որ թանկ տեղերը վաճառվեն»,- պատմել է Փափազյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը կարելի է բարելավել, եթե շատ ավիաընկերություններ գան Հայաստան: Դա պետք է խրախուսվի Ավիացիայի վարչության կողմից, ինչը, մասնագետի խոսքով, չի արվում: