Վրաստանի արդարադատության նախարարությանը կից Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը պարզել է, որ երկրի ավելի քան 30 հազար քաղաքացիներ՝ առանց Վրաստանի իշխանություններին տեղյակ պահելու, միաժամանակ դարձել են այլ երկրների քաղաքացիներ: Վրացական օրենքների համաձայն, սա կարող է մարդկանց քաղաքացիությունից զրկելու հիմք դառնալ: Այս մասին ասված է «Ռուսաստանի ջավախքյան սփյուռքի»՝ Վրաստանի արդարադատության նախարարությանն ուղղված դիմումում:
«Վրաստանի իշխանությունները դեռևս կոնկրետ պարզաբանումներ չեն արել, այդ պատճառով մնում է միայն գուշակել, որ խոսքը Վրաստանի այն քաղաքացիների մասին է, ովքեր, չնայած Վրաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը, ստացել են այլ երկրի քաղաքացիություն»,- նշում են դիմումի հեղինակները:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին, ով միաժամանակ դարձել է մեկ այլ երկրի քաղաքացի, մեխանիկորեն կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ երկքաղաքացիություն ստանալու համար պետք է դիմի Վրաստանի նախագահին:
Ռուսաստանի ջավախքյան սփյուռքի ներկայացուցիչները հիշեցնում են, որ Հայստանում երկքաղաքացիությունը թույլատրող օրենսդրական փաթեթը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարին, իսկ հանրապետության նախագահն այն ստորագրել է 2007-ի մարտին: Այս իրավունքից կարող են օգտվել հայկական սփյուռքի ներկայացուցիչները, Հայաստանի տնտեսական միգրանտները, մասնավորապես՝ Ռուսաստանում:
Աղքատությունն ու աշխատավայրերի բացակայությունը Սամցխե-Ջավախեթիի հայերին ստիպում են մեկնել սեզոնային աշխատանքների Վրաստանի սահմաններից դուրս՝ հիմնականում Ռուսաստան, սակայն 2008 թվականի սեպտեմբերից Վրաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ շրջանի հայ բնակչությունը ստիպված եղավ օգտվել Հայաստանի կողմից տրամադրվող երկքաղաքացիության հնարավորությունից:
«Մենք Վրաստանի իշխանություններին դիմում ենք անձնագրային համաներում հայտարարելու և առանց կառավարական մարմիններին տեղեկացնելու երկրորդ քաղաքացիություն ստացած Վրաստանի հայ բնակիչների քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով»,- ասված է դիմումում:
Ավելի վաղ Վրաստանի Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը հատուկ նամակով դիմել էր երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիներին՝ հայտնելով, որ նրանց վրացական քաղաքացիությունն անօրինական է: Երկրի Արդարադատության նախարարությունը նամակը ստացած բոլոր քաղաքացիներին կոչ էր արել երկքաղաքացիություն ստանալու համար դիմել գործակալությանը: