Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին պատասխանել է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների շնորհավորական ուղերձներին:
Ինչպես հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, Հասան Ռուհանին Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի պատասխանում նշել է, որ փոխադարձ ըմբռնման, հարգանքի ու վստահության միջոցով Իրանը կընդարձակի հարաբերությունները Հայաստանի հետ: Ռուհանին հույս է հայտնել, որ կողմերի ջանքերը կնպաստեն հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռոուհանին գրել է, որ Իրանի նոր կառավարությունը, հենվելով հինավուրց ու դինամիկ իրանական քաղաքակրթության ու հարուստ իսլամական մշակույթի վրա, փոխադարձ ըմբռնում, հարգանք ու վստահություն ստեղծելու միջոցով ջանքեր կգործադրի աշխարհի երկրների հետ հարաբերություններն ընդարձակելու ու ամրապնդելու համար: Շնորհակալություն հայտնելով Պուտինին շնորհավորանքների համար՝ Իրանի առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների պատմական և մշակութային հարաբերությունները կընդարձակվեն բոլոր ուղղություններով: Իրանի նորընտիր նախագահը ավելացրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում: