10 օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ կայացած ակցիան հասել է իր նպատակին: 2012-ին մահացած Մարո Գուլոյանի կասկածելի քրեական գործը վերաբացվելու է:
2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում մահացած 20-ամյա Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է: Այս մասին ասված է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» այսօր տարածած հայտարարության մեջ: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Մարո Գուլոյանն ինքնասպան է եղել: Չնայած տուժող կողմը բազմիցս նշել է, որ չի հավատում այդ վարկածին և փաստեր է ներկայացրել, գործը կարճվել էր:
Վաղը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է քններ քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված տուժող կողմից բողոքը:
«Բողոքում բարձրացված հարցը, սակայն, իր լուծումը գտավ մինչև դատաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրեցին, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է: Այսպիսով, Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է», – նշված է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հաղորդագրության մեջ:
Հունիսի 17-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա էր կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ արդար քննություն և գործի վերաբացում պահանջելով:
Տուժող կողմի ներկայացուցիչները հուսադրող են համարում այն փաստը, որ այս անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը չի անտեսել բողոքը:
«Այսքանով, սակայն, գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու երաշխիքներ դեռ չեն ստեղծվել, քանզի դրա համար անհրաժեշտ է Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը տեղափոխել Երևան»,- նշում են Կոալիցիայի անդամները: Դեռևս բողոքի ակցիայի ժամանակ նրանք ընդգծել էին, որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է: Վերջինս էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Ավելի վաղ Գուլոյանի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Մինասյանը ներկայացրել էր այն փաստերը, որոնք ստիպում են մտածել, որ Գուլոյանը ինքնասպան չի եղել:
«Մենք գտել ենք, որ դատաբժիշկը չի ֆիքսել բոլոր վնասվածքները, որոնք եղել են Մարոյի մարմնի վրա: Մեր պահանջով անցկացվել է արտաշիրիմում՝ Մարոյի դիակը հանվել ու տարվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննության: Սովորաբար ինքնասպան եղածի աչքերում արյան զեղումներ են առաջանում, լեզուն է դուրս գալիս, դեմքը սևանում է, ինքնասպան եղածը միզում է, սակայն Մարոյի մոտ չկա այս հատկանիշներից որևէ մեկը: Լինում է նաև մաշկի սևացում, երբ արյունը գնում է դեպի կախված վիճակում գտնվող վերջույթներ՝ նայած թե ինչ դիրքով է կախված:
Նշեմ ավելին՝ Մարոն, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, փորձել է ազատվել վզին կապված պարանից, սակայն հենց այդ դիրքով էլ մահացել է: Մարոյի դեմքին արտասովոր սևացում, կապտում չի նկատվել, նրա ձախ ոտքի շրջանում կար վնասվածք, ինչը դատաբժիշկը չէր ֆիքսել, ուղղակի բանավոր պարզաբանել է՝ ասելով, թե դրանք դիակային հետքեր են, սակայն հնարավոր չէ, որ մի կետով արտահայտվեր դիակային հետքը: Մարոյի այտի ստորին հատվածում վերք կար, գտել են, որ դա եղունգից հետք է, որը առաջացել է այն ժամանակ, երբ Մարոն փորձել է իրեն ազատել ու եղունգով իրեն վնասել է: Վերքը շատ խորն էր և կարող էր առաջանալ միայն շատ սուր ծայր ունեցող առարկայով ու եղել է կենդանության օրոք՝ արյունը ներթափանցել է, դրա համար կարմրավուն գույն ունի, մինչդեռ Մարոյի եղունգները դեպքի պահին շատ կարճ կտրված են եղել», – մասնավորապես, ասել էր Մինասյանը: