Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը համաձայն չէ քննիչ Մարգարյանի առաջադրած նախնական վարկածի հետ, համաձայն որի 2012 թվականի ապրիլի 18-ին «Մեհրաբ» զրամասում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշել էր, որ գործը կարճվել է, քանի որ քննության ընթացքում երկու վարկած է եղել, սակայն քննիչը չի կարողացել որոշել, թե ով սպանել Զորիկ Մարգարյանին՝ հայերը, թե ադրբեջանցիները:
Երեկ Epress.am-ի հետ զրույցում նա ճշգրտում է մտցրել՝ ընդգծելով, որ որոշման մեջ, այնուամենայնիվ, նշված է, թե քննիչ Մարգարյանը հանգել է այն վարկածին, համաձայն որի զինծառայողին սպանել է հակառակորդը: Ռուբեն Մարտիրոսյանը և մահացած զինծառայողի մայրը՝ Ալվինա Մարգարյանը, միջնորդություն են պատրաստել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որում պատճառաբանում են, թե ինչու պետք է քննիչի որոշումը չեղյալ համարվի:
«2012 թվականի հոկտեմբերի 20-ին քննիչ Հ.Գ. Մարգարյանը իր որոշմամբ Զ. Մարգարյանի սպանության մասով քր. գործի վարույթը կասեցրել է, մեջբերում եմ. «անհաղթահարելի ուժ գործելու պատճառաբանությամբ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»:
Քննիչի այս որոշումը ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանությամբ.
Քննիչ Մարգարյանը ապացուցված է համարել, որ 18.04.2012 թ.-ին ժամը 10:50-ի սահմաններում զորամասի պահպանությանը հանձնված «Խուբան 5» կոչվող մարտական հենակետում ծառայություն կատարելու ժամանակ, երբ շարքային Զ. Մարգարյանը, Ռ. Մինասյանը և Կ. Մովսեսյանը գտնվել են գետնատնակի դիմաց, հակառակորդը մոտեցել է մարտական հենակետին և գետնատնակի դռնից դեպի աջ ձգվող խրամուղու կողմից անկանոն կրակահերթեր է արձակել գետնատնակի ուղղությամբ: Գնդակները դիպել են խրամուղու երկու կողմերով ձգվող փայտյա հենասյուներին, գետնատնակի դռանը, իսկ դրանցից մեկը դիպել է շարքային Զ. Մարգարյանի գլխին, որի հետևանքով վերջինս մահացել է, մյուսը` շարքային Կ.Մովսեսյանի ոտքին: Տարօիրինակն այն է, որ «Խուբան 5» մարտական հենակետում ծառայող, գործով 8 վկաներից և ոչ մեկը իր ցուցմունքում չի նշում, որ կրակոցները արձակել է հակառակորդը, չի նշում, թե տեսել է հակառակորդի, սակայն քննիչը ապացուցված է համարել, որ հենց հակառակորդն է սպանել և հրազենային վնասվացք պատճառել վերը նշված զինծառայողներին»,- ասված է միջնորդության մեջ:
Մարտիրոսյանը նշել է, որ զորամասը գտնվում էր բարձիթողի վիճակում, ինչի ապացույցն այն է, որ ոտքի շրջանում հրազենային վնասվածք ստացած Կարեն Մովսեսյանը ծառայում էր «Խուբան 015» հենակետում, սակայն հաճախ գալիս էր «Խուբան 5» հենակետ այստեղ ծառայող ընկերոջը` Ռաֆայել Մինասյանին տեսակցելու: Դեպքին նախորդող օրը ևս նա եկել և մնացել էր «Խուբան 5» հենակետում:
«Այսպիսով, զենքի և գնդակների հետ կապված խնդրով անհնաժեշտ է կատարել լրացուցիչ քննություն: Անհրաժեշտ է նաև լրացուցիչ քննությամբ պարզել, թե ինչու քննիչ Մարգարյանը «չի կարողացել» հայտնաբերել մեծաթիվ պարկուճները եթե դրանք արձակվել են մարտական հենակետի խրամուղու կողմից», – ընդգծել է Մարտիրոսյանը:
Նա նաև ասել է, որ, որպես առավել կարևոր փաստ, որը հերքում է Զորիկ Մարգարյանի` հակառակորդի գնդակից սպանված լինելու վարկածը, պարունակվում է դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ, համաձայն որի «Զ. Մարգարյանի մահը հետևանք է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքով»:
Ըստ քննիչ Մարգարյանի կողմից արված եզրահանգման` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետ մեկտեղ նա զինծառայողը մեկ գնդակից ստացել է նաև ձախ դաստակի 3-րդ մատի հիմային ֆալանգի բաց կոտրվածք, ձախ դաստակի 4-րդ մատի արյունազեղում:
«Սա բացահայտ կեղծիք է, քանի որ նշված պայմաններում Մարգարյանը չէր կարող նույն գնդակով, նստած դիրքում ստանալ ձախ դաստակի 3-րդ մատի հիմային ֆալանգի բաց կոտրվածք: Բացի այդ, գնդակը չէր կարող Մարգարյանին պատճառել ձախ դաստակի 4-րդ մատի արյունազեղում, քանի որ նման վնասվածքը պատճառվում է բութ առարկայի հարվածով:
Այսպիսով, քննիչ Մարգարյանը, ձգտելով հիմնավորել իր կեղծ վարկածը, թե իբր Զ. Մարգարյանին սպանել են ադրբեջանցիները, գնում է բացահայտ հանցագործության` ապացուցված է համարում, որ մի քանի տասնյակ մետր հեռավորությունից նույն ադրբեջանցիները բութ առարկայով պատճառել են արյունազեղում:
Լրացուցիչ նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել «Խուբան 5» հենակետում, ովքեր են մարմնական վնասվածքներ հասցրել Զ. Մարգարյանին», – նշել է Մարտիրոսյանը: