Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանին ձերբակալելու լուրը հաստատվել է։ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը News.am-ի ետ զրույցում պատմել է, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջև կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։
«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի և Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, և խնդրել, որպեսզի գա և հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։ Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել և տեղափոխվել է Ախալցխա»,- պատմել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։
Ստեփանյանը նշել է, որ Չախալյանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել, սակայն ձերբակալման մի քանի պատճառներ են շրջանառվում. Վահագն Չախալյանի վրա ճնշում գործադրելու փորձ, որպեսզի զսպեն հասարակական-քաղաքական կյանքում վերջինիս ակտիվությունը, նրա հետ հաշիվների մաքրում:
«Ջավախքի բնակչության հանդեպ Վրաստանի նոր կառավարության վերաբերմունքը գործնականում նույնացվում է հայերի հանդեպ Սահակաշվիլիի վերաբերմունքին։ Նոր իշխանությունը շարունակում է ազգային փոքրամասնությունների հանդեպ քաղաքականությունը։ Սակայն չեմ կարծում, որ Չախալյանին կալանավորելու մասին որոշումը կոալիցիոն էր։ Պարզապես իշխանության մեջ կա խումբ, որը դեմ է ազգային փոքրամասնությունների հանդեպ կոալիցիոն վերաբերմունքին։ Եթե ազգային փոքրամասնությունների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը չփոխվի, ապա դա տարածաշրջանի համար հղի կլինի սպառնալիքներով», – ասել է նա։