Ադրբեջանցի գրող և թարգմանիչ Գյունել Մովլուդը (լուսանկարում) արդեն մեկ տարուց ավել ապրում է Թբիլիսիում: Simsar.az կայքում հրապարակված գրառման մեջ նա վերլուծում է Վրաստանում իր համերկրացիների խնդիրների պատճառներից մեկը:
– Օտար երկրում ավելի հայրենասեր ես դառնում, քան հայրենիքում: Քանի որ թերությունները թե ներսից, թե դրսից նույն կերպ ես տեսնում, իսկ դրական կողմերը հեռվից ավելի պարզ ու հստակ են երևում: Ճիշտ է, Վրաստանում ես ինձ օտարության մեջ չեմ զգում. լեզվական արգելք գույություն չունի, իմ բոլոր ծանոթ վրացիները տիրապետում են ռուսերենին, խանութում և շուկայում վաճառողների, ռեստորանում մատուցողների հետ նույնպես կարող ես խոսել ռուսերեն, մարդիկ բարեհամբույր են, գները նորմալ են, իսկ վերաբերմունքը՝ բարի:
Դեռ նախքան այստեղ բնակություն հաստատելը, երբ խոսք էր գնում Վրաստանում ապրող ադրբեջանցիների մասին, այդ թեմայով մի դժգոհություն էր արտահայտվում՝ Վրաստանի իշխանություններն անտարբեր են մերոնց հանդեպ, իսկ վրացիները՝ ագրեսիվ:
Ինչ ապրում եմ Վրաստանում՝ Վրաստանի ժողովրդին, վրացական տրամադրություններին ու մշակույթին հետևելու հետ մեկտեղ՝ հետևում եմ նաև այստեղ բնակվող ադրբեջանցիների կյանքին: Նրանք բոլորն էլ հեռու են Վրաստանի մշակութային-գրական կյանքից: Գրական շրջանակներում չկա ոչ մի ադրբեջանցի, նրանց հնարավոր չէ գտնել ոչ բանկերում, ոչ բջջային կապի օպերատորի մասնաճյուղերում: Բայց բավական է ոտքդ դնես շուկա, կհանդիպես տասնյակ ադրբեջանցիների: Ամենալավ, որակյալ և նոր ապրանքը դրված է ադրբեջանցիների տաղավարներում: Ադրբեջանցին ամենալավ առևտրականն է: Երբեմն անգամ կարող են մոտենալ և օգնել հաշվարկներում բարդություններ ունեցող վրաստանցի գործընկերներին: Նրանցից ոչ մեկը վրացերեն չի սովորել: Վրացերեն մի կերպ խոսող մի քանի ադրբեջանցիներ լեզվին տիրապետում են շուկայում աշխատելու համար բավարար չափով, լավագույն դեպքում՝ կենցաղային մակարդակով:
Խորհրդային ժամանակներում բանակում ծառայելու տարիներին պատահում էր, որ ադրբեջանցի երիտասարդները սիրահարվում էին ռուս աղջիկներին, ոմանք ամուսնանում էին և հարսներին բերում իրենց գյուղերը, և գոնե այս շիկահերների շնորհիվ՝ նրանք սովորում էին խոսել ռուսերեն, իսկ այս միջազգային ընտանիքների նոր սերունդն արդեն տիրապետում էր երկու լեզուների: Վրաստանում վրացա-ադրբեջանական սերը, հարաբերությունները կամ ընտանիքը շատ հազվադեպ երևույթ է: Ես գիտեմ ադրբեջանցի աղջիկների, ովքեր ամուսնացել են վրացի երիտասարդների հետ, բայց չեմ տեսել վրացի աղջկա հետ ամուսնացած ադրբեջանցի երիտասարդի:
Այն անհատ ադրբեջանցի երիտասարդները, ովքեր ունեն կապեր և հարաբերություններ են հաստատել վրացի գործընկերների հետ, լրագրողներ են, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի մարդիկ, ովքեր ապրում են ոչ թե Վրաստանում, այլ Ադրբեջանի մայրաքաղաքում:
Մինչդեռ բավական հեշտ է սովորել լեզուն, ինչը կարող էր հեշտացնել շփումը, ընդլայնել կապերը, բարելավել հարաբերությունները: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել վրացերեն լեզվի ուսուցման հայտարարություններ: Լեզվի քերականությունը հարմար է, սեռը բացակայում է, բառերի ածանցները շատ հազվադեպ են փոխվում: Այստեղ երկու ամիս բնակվելու ընթացքում ես սովորեցի այբուբենն ու ավելի քան հարյուր բառ, քանի որ դրա մեջ ոչ մի բարդ բան չկա:
Բայց այստեղ տասնամյակներ ապրող ադրբեջանցիները լեզուն սովորելու մասին չեն մտածում, գոնե հանուն աշխատանքի, հարմարության և մշակութային մակարդակի բարձրացման: Վրացերեն լեզվի իմացությունը պետական հաստատություններում աշխատելու համար միակ պայմանն է, որը Վրաստանի կառավարությունը դնում է ադրբեջանցիների առջև: Լեզվի իմացությունը կարևոր է նաև բիզնեսի, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքի համար: Իսկ ադրբեջանցիները, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, չեն ուզում սովորել լեզուն: Հետո էլ բողոքում են, որ Վրաստանի իշխանություններն անտարբեր են իրենց հանդեպ կամ վերևից են նայում:
Վերջապես, ուզում եմ օրինակ բերել ընկերուհիներիցս մեկին: Նա վրացի է և արդեն հինգ տարի ապրում է Ադրբեջանում: Այս հինգ տարիների ընթացքում նա ոչ միայն սովորել է ադրբեջաներենը, այլ նաև տիրապետում է ադրբեջանի մի քանի շրջանների բարբառների, գիտի մեր առակներն ու ասացվածքները, ադրբեջաներենով գրքեր է կարդում: Նա հեշտորեն կարող է շփվել յուրաքանչյուր ադրբեջանցու հետ: Եթե չլիներ աննշան ակցենտը, նրան կարելի կլիներ դնել ադրբեջանցու տեղ:
Այս կինը Բաքվի ընկերություններից մեկում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Գործերը շատ են, ունի շատ ադրբեջանցի ընկերներ ու շփման լայն շրջանակ: Դա այն բանի արդյունքն է, որ նա Ադրբեջանի իշխանություններից ոչ մի սպասելիքներ չի ունեցել, պարզապես սովորել է լեզուն և կապեր հաստատել: Ահա և վերջ: Ամեն ինչ շատ պարզ է: