«Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը պնդում է, որ երեկ երեկոյան իրեն ոստիկանության բաժին ապօրինի կերպով են բերման ենթարկել՝ չներկայացնելով ծանուցագիր և չտալով բացատրություն: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Ոստիկանությունում Չուգասզյանին ասել են, որ իրեն բաժին են բերել վարչական իրավախախտման համար, քանի որ ինքը մարդկանց կոչ է արել շրջանցել ոստիկանական պատնեշը, մինչդեռ մեզ հետ զրույցում նա ասել է, որ նման կոչ չի արել:
Ոստիկանության բաժնում Չուգասզյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, նրան տեղեկացրել են, որ ինքը վարչական իրավախախտում է թույլ տվել, որից հետո բաց են թողել: Այժմ նա իր փաստաբանի հետ քննարկում է դեպքի առնչությամբ անելիք հետագա քայլերը:
Նշենք, որ երեկ երեկոյան Ազատության հրապարակում կայացած «Նախախորհրդարան»-ի հանրահավաքի ժամանակ խոսվել է Փակ շուկայի (պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ ՍամվելԱլեքսանյանին) շենքի ճակատագրի մասին, նշվել է, որ այնտեղ ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Գարեգին Չուգասզյանը կոչ է արել «կարճ-շտապ հավաք անցկացնել Փակ շուկայի մոտ»: Հանրահավքի մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա, սակայն Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում նրանց ընթացքը կասեցրել են ոստիկանական ուժերը, գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը անօրինական է, որից հետո Գարեգին Չուգասզյանը բերման է ենթարկվել: