Հայաստանում թոշակառուների համար մեկ ճանապարհ կա՝ «մահ ու այն էլ շատ արագ մահ», որպեսզի պետությունն ազատվի նրանց հոգսից: Այսպիսի կարծիք են հայտնել այսօր առավոտից Սոցիալական ապահովության պետական ծառայություն եկած մոտ երեք տասնյակ թոշակառուներից շատերը, ովքեր 2 ամիս շարունակ չեն կարողանում ստանալ իրենց թոշակները:
Ավելի վաղ Epress.am-ի խմբագրություն դիմած մի քանի քաղաքացիներ բարձրաձայնել էին թոշակների ուշացման խնդրի մասին: Մեր թղթակիցը Ծառայության շենքում հանդիպել է թոշակառուների հետ, ովքեր պնդել են, որ գրեթե ամեն օր իրենց խաբում են ու ամեն օր իրենք քաշքշուկների մեջ են:
Ավելի ուշ, երբ ընդունարանում հավաքված թոշակառուները պարզել են, որ օգոստոսին կստանան միանգամից 3 ամսվա գումարները, բորբոքվել են ու պահանջել, որպեսզի իրենց ընդունեն պատկան մարմինները ու բացատրություն տան, ինչից հետո վիճաբանություն է սկսվել թոշակառուների և ծառայության աշխատակիցների միջև:
Աշխատակիցները պահանջել են չաղմկել, սակայն հավաքվածները պնդել են, որ չեն հեռանա, ինչից հետո ծառայության պետի տեղակալն իջել և զրուցել է նրանց հետ:
Թոշակառուները մեր թղթակցին պատմել են, որ մինչ օրս որևէ մեկը չի հանդիպել իրենց, մինչդեռ այսօր լրագրողի ներկայությամբ փորձում են ձևացնել, թե աշխատում են:
«Մեզ սարքել են անարժանապատիվ, ոչ մի հույս չունեմ մեր երկրում, մեկը գոռալով, մյուսը համոզելով մեզ ասում են, որ պետք է ստանաք օգոստոսին: Ես ի՞նչ անեմ որպես քաղաքացի, ասեք: Գազը, լույսը կհասկանա՞ն, որ ես թոշակ չեմ ստացել: Այսպես էլ թաղում ենք մեր «արժանապատիվ երկիրը»», – ասել է մանկավարժ, թոշակառու Վիոլետա Բունիաթյանը:
Ծառայության պետի տեղակալ Պարոնյանի հետ զրույցում նա նշել է, թե ամառվա այս շրջանում ինքը ցանկանում է մեկնել հանգստի, սակայն 2 ամիս է՝ թոշակ չի ստացել, ինչի հետևանքով էլ պարտքեր է կուտակել: Ի պատասխան՝ Պարոնյանը խոստացել է լիազորագիր տրամադրել առ այն, որ թոշակները տրվելու են:
«Հետաքրքիր պատասխան է, լիազորագրով ինձ ո՞ւր կթողնեն, ծաղրում են, առանց գումար ինձ անգամ թույլ չեն տա տրանսպորտ բարձրանալ», – ասել է մեր զրուցակիցը:
Հաշմանդամ Սուրեն Ավետիսյանն էլ պատմել է, որ ինքը՝ որպես միակ հարազատ, պարտքով հուղարկավորել է բարեկամներից մեկին, այժմ հիմնադրամից չի կարողանում ստանալ մահացածի գումարները, որպեսզի կարողանա մարել իր պարտքերը:
«Միանձնյա թոշակառու եմ, 3 ամիս է, ինչ թոշակ չեմ ստացել, երեկ եկա այստեղ, մի ընկեր էր նստած, ասաց՝ «գնացեք, էսօր մինչև 12-ը բոլոր ցուցակները տեղում կլինեն: Գնացել եմ, ժամը 12:30 եկել եմ, հարցնում եմ՝ եկե՞լ են ցուցակները, պարզվում է, որ ցուցակները եկել են այսօր, մեջը իմ անունը չկա»,- Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է 82-ամյա Հրաչյա Խաչատրյանը:
25 տարի Ուկրաինայում բնակված մեր զրուցակիցը համեմատություններ է անցկացրել նախկին ու ներկայիս բնակության վայրերի միջև ու արձանագրել, որ բացասական իմաստով Հայաստանը անհամեմատ մեծ տարբերություններ ունի:
«Օտար երկրում մի անգամ նման երևույթի չեմ հանդիպել, անհարմար եմ զգում, որ իմ հայրենիքում այսպես են վարվում», – ասել է մեր զրուցակիցը:
Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանի հետ, ով ասել է, որ թոշակ չստացած քաղաքացիները, որոնց անունները ցուցակներում ընդգրկված չէն, տեղեկատվության ճշգրտման խնդիր ունեն, օրինակ, անձնագրային տվյալների:
«Տեղեկատվության ճշգրտման առաջին փուլն այս պահին հետևյալն է, որ իրենք զուտ հետաքրքրության մակարդակով են գալիս, թե ես էսինչյանն եմ ու ինչի իմ թոշակը չեմ ստացել: Ես էլ ասում եմ՝ ձեր այսինչ տվյալը սխալ է: Թոշակառուն ասում է՝ հեսա, առ ուղղի, ես էլ ասում եմ՝ գիտեք ինչ՝ էդ սխալը ուղղվում է ձեր տարածքային կենտրոնում: Ու եթե ես հնարավորություն ունենայի ստեղից ուղղելու, դա կլիներ, որ ես նրանց գործն եմ անում: Ես ոչ թե չեմ ուզում նրանց գործը անել, այլ ամեն մեկն իր գործը պետք է անի», – ասել է Շահբեկյանը: