ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ», – նշում է թերթը։
Հիշեցնենք, որ Կիպրոսում Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով օֆշորային ընկերություն է գրանցված եղել: Սարգսյանը և Կճոյանը հերքել են օֆշորային ընկերության հետ իրենց առնչությունը: Աշոտ Սուքիասյանն ասել է, որ ընկերությունը գրանցել է ինքը՝ առանց վարչապետի և հոգևորականի գիտության: Անցյալ ամսին Երևանում գտնվող Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը հայտարարել էր, որ առանց անձի թույլտվության Կիպրոսում հնարավոր չէ ընկերություն գրանցել: