Երեկ Գյումրիի դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի առողջական վիճակը ծանր է: Նա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանի հարազատներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, որ 63-ամյա Սարգսյանի մոտ ծեծի հետևանքով առաջացել է նախակաթվածային վիճակ, բարձրացել է ճնշումը: Սարգսյանն ունի նաև սալջարդեր: Ըստ մեր զրուցակցի՝ անգամ մոտ բարեկամներին բժիշկներն արգելում են տեսակցել հիվանդին: Երեկ նրան նաև քննիչներ են այցելել, ովքեր ցանկացել են հարցաքննել տուժածին, սակայն բժիշկները խնդրել են առայժմ սպասել:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուսաննա Հակոբյանը Epress.am-ին ասել է, որ այսօր շրջայցի ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ վիճակի փոփոխություն չկա: Երեկվա պես նրա մոտ սրտի անոթների ուժեղ սպազմ է նկատվում: Այս պայմաններում, ըստ բժշկի, պետք է սպասել արյան անալիզներին՝ առողջական վիճակին գնահատական տալու համար:
Մեզ հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը պատմել է, որ ինքը դիմել է Շիրակի մարզի դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Ըստ փաստաբանի՝ գործ պետք է հարուցվի այն հիմքով, որ վկան անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի հանդեպ՝ վիրավորելով դատավարության կողմերից մեկին:
Նշենք, որ երեկ դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: