ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (կեղծանունը՝ Բուռնաշ) դեմ «Հրազդան Հոլդինգ» ընկերության նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Շահբազյանը ոստիկանությունում հայտնել էր, թե Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով: Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, և խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի և ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անվամբ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել:
Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաև պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20200 դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաև ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչև պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին չի համաձայնել, ապա նաև նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան:
Շահբազյանի ենթադրությամբ՝ հնարավոր է՝ այն առևանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը: Լիանա Շահբազյանը ոստիկանությունում տված բացատրության ժամանակ նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
Լուսանկարը՝ Pastinfo.am