Home / Հայաստան / Բժիշկները սխալ են ախտորոշել երիտասարդի վիճակը. նրա մահվանից 9 ամիս անց քրգործ են հարուցել

Բժիշկները սխալ են ախտորոշել երիտասարդի վիճակը. նրա մահվանից 9 ամիս անց քրգործ են հարուցել

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Համաձայն նախաքննական մարմնի՝ բժիշկների թերացումն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը:

Դատախազության կայքի փոխանցմամբ՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Գուրգեն Խառատյանը, որը «Ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական և սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Գուրգեն Խառատյանը մահացել է:

Խառատյանի մահվան պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնում նշանակվել է  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։

Օրեր առաջ ստացված  եզրակացության համաձայն,  բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ: