Home / Հայաստան / Երևանում մինչև օգոստոսի 31-ը 17 հեծանվային կանգառ կլինի

Երևանում մինչև օգոստոսի 31-ը 17 հեծանվային կանգառ կլինի

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն օգոստոսի 16-ին։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդների մասնակցությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։

Այնուհետ՝ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են կատարելու մինչև Հանրապետության հրապարակ՝ Վ. Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։

Միջոցառումը մեկնարկելու է օգոստոսի 16-ին, ժամը 19:00-ին, 4 տարբեր կետերից, հետևյալ  ուղղություններով.

– Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

– Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

– Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ.

– «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց («Վստրեչի» կամուրջ), Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ և նույն փողոցով՝ Խորենացի փողոց, ապա Շահումյան հրապարակ։