Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ համակիրներ և քաղաքացիական ակտիվիստներ այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ Գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների և քաղբնատարկյալ Տիգրան Առաքելյանի:
Ակցիայի մասնակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ օգոստոսի 26-ին՝ Վերաքննիչ դատարանում կայանալիք նիստին և աջակցել քաղհալածյալներին:
«Անկախ դատաքննության ընթացքից, վերջնական որոշումները անձամբ կայացնելու է Սերժ Սարգսյանը», – հայտարարել է Զուրաբյանը:
Վերջինս հիշեցրել է մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ անցկացված ակցիաները և, դրանց արդյունքում գրանցված հաջողությունները մատնացույց անելով, շեշտել, որ ՀՀ իշխանությունները տեղի են տալիս միմիայն հանրային ճնշումների առաջ: