Home / Հայաստան / Կոմիտասում բնակելիից կես մետր հեռավորության վրա շենք են կառուցում. բնակիչները բողոքում են

Կոմիտասում բնակելիից կես մետր հեռավորության վրա շենք են կառուցում. բնակիչները բողոքում են

Կոմիտաս 5 հասցեում երկու ամիս է՝ սկսվել է  նոր բնակելի շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչին հարևան շենքերի բնակիչները դեմ են: Այսօր նրանք բողոքի ակցիա է անկացրել իրենց շենքերի բակում, քանի որ բնակիչների բողոքները հասցեագրված Երևանի քաղաքապետարանին, դատարաններին տարիներ ի վեր արդյունք չեն տալիս: Մայիս ամսից նոր կառուցվող շենքի հիմքի համար շինարարները հողը երեք մետր փորել են, ինչի հետևանքով հարակից շենքերի պատերին ճաքեր են առաջացել:

Շենքի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ շենքը փորձում է կառուցել իրանահայ գործարար Էդգար Քեշիշյանը:

Շենքի կառուցումը կասեցնելու համար՝ բնակիչները դիմել էին վարչական դատարան երեք տարի առաջ: Բնակիչներից Նելլի Ոսկանյանը Epress.am-ին պատմել է, որ դատավոր Կարինե Բաղդասարյանը  բավարարել էր պահանջը և արգելել էր շենքի կառուցումը: Սակայն սեփականատեր Էդգար Քեշիշյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ասելով, որ շենքի կառուցման համար ինքը 40 հազար դոլար վարկ է վերցրել և այժմ, քանի որ «բնակիչների մեղքով» կորցրել է այդ գումարը, բնակիչները պետք է փոխհատուցեն այն:

Նույն դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարել է այդ հակընդդեմ հայցը՝ որոշելով, որ  բնակիչների չվճարելու դեպքում շենքը կառուցելու արգելքը կհանվի:   Այս վճիռը բնակիչները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, գործը դատական փուլում է:

«Քանի որ քաղաքապետարանից «անուղակիորեն» ասել են, որ նույնիսկ եթե բոլորը «գլխի վրա կանգնեն», շենքը կառուցվելու է, ուստի գոնե բնակիչները պետք է համաձայնվեին հինգհարկանիի կառուցմանը: Մենք էլ պահանջ դրեցինք, որ այդ դեպքում բակի ենթակայանը չպետք է տեղափոխվի շենքին մոտ: Այդ պայմանով կողմ ենք հինգհարկանիի կառուցմանը», – ասել է Ոսկանյանը:

Այժմ բնակիչները վերսկսել են բողոքը, քանի որ իրենց պայմանները խախտվել են. ենթակայանը տեղափոխել են շենքերին շատ մոտ, իսկ նոր շենքը կառուցելու են Կոմիտաս 7 հասցեում գտնվող շենքից կես մետր հեռավորության վրա: Բացի դա, շինարարության համար կտրվել են տարածքի պտղատու ծառերը, իսկ բնակիչները մտահոգություն ունեն, որ շենքը չի լինի 5 հարկանի, քանի որ փակցված նկարի վրա 11 հարկ է նկարված:

 

«Տարոն Մարգարյանը նախընտրական արշավի ժամանակ մեր բակում ասեց, եթե չուզենաք, շենքը չի կառուցվի: Հիմա քաղաքապետարանը  լռում է», – ասել է Նելլի Ոսկանյանը: