Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան թելադրված էր թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ հարաբերությունների սառելով. տարբեր պատճառներով ու առիթներով: Այս մասին «Էխո Կավկազա» կայքում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը (լուսանկարում):
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության հայկական ու ադրբեջանական ուղղություններում լավ մթնոլորտ չէր տիրում. «Ադրբեջան իր այցով Ռուսաստանի նախագահը փորձեց միանգամից մի քանի նապաստակ սպանել: Մի կողմից՝ ազդանշան ուղարկել Հայաստանին, որ վերջինս պետք է ավելի ճշգրիտ հետևի Մոսկվայի քաղաքականությանը: Մյուս կողմից՝ Պուտինը ցանկանում էր հալեցնել վերջերս Բաքվի հետ հարաբերություններում առաջացած սառույցը»:
Մարկեդոնովը, մասնավորապես, գրում է, որ Մոսկվային նյարդայնացնում է երևանյան կոմպլեմենտարիզմը, բայց չէ որ Բաքուն, չնայած արդեն հնացած ղարաբաղյան հակամարտությանը, արտաքին քաղաքականությունում հիմնականում հետևում է նույն սկզբունքներին, ինչ իր գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդը: «Իզուր չէ, որ փորձագետներն Ադրբեջանի քաղաքական ընթացքը համեմատում են «ճոճանակների» հետ: Բաքուն փորձում է հավասարապես համագործակցել թե Իսրայելի, թե Պաղեստինի, թե Եվրոպայի և թե Ռուսաստանի հետ: Բաքուն և Երևանը հետաքրքրված են բազմակողմանի քաղաքականությամբ: Իսկ ի՞նչ է, Ռուսաստանը նույն հետաքրքրվածությունը չունի՞: Եվ եթե Հայաստանից «երես թեքելու» իմիտացիայի շնորհիվ Կրեմլին հաջողվի բեկել նրա ընթացքը, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ կլինի հարյուր տոկոսով հետևել Ռուսաստանի հետքերին: Հնարավոր է՝ Ադրբեջանցի քաղաքական գործիչները գնահատեն փոփոխությունները Կրեմլի ռազմավարական մոտեցումներում (եթե այդպիսիք լինեն): Հնարավոր է՝ անգամ աջակցեն: Սակայն դժվար է հավատալ, որ այդպիսի դրական գնահատականը կհանգավորվի «դարի պայմանագրից», ԱՄՆ-ի հետ էներգետիկ համագործակցությունից, ինչպես նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյխան» ծրագրին մասնակցելուց հրաժարվելու հետ:
Փորձագետը նշում է, որ Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանի գործոնով. «Բայց պարզ է նաև այն, որ կտրուկ շրջանցումներն ու արդեն գործող կապերի ու մեխանիզմների ոչնչացումը նոր ռեսուրսներ չեն ավելացնի, ոչ էլ Մոսկվային նոր գրավչություն կհաղորդեն: Հակառակը, դա նրա դաշնակիցներին մտածելու տեղիք կտա: Ինչպես հներին, այնպես էլ պոտենցիալ նորերին: Սա նրանց կստիպի հարցականի տակ դնել ռուսաստանցի քաղաքական գործիչների կողմից բազմիցս հնչեցված «դարավոր բարեկամության» արժեքը: