2013 թ. օգոստոսի 1-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ է ստացվել, որում նշված է եղել, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում (որը նոր է ձևավորվում և որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ:
Ինչպես հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը, նամակագիրը նշել է նաև, որ աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի դա, դեռևս շինարարական աշխատանքները չավարտված, յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլար՝ աշխատասենյակի նորոգման համար:
Անանուն նամակում նշված է եղել նաև, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, վարկ են վերցրել և տարբեր անձանացից փող խնդրել՝ վճարելով պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Նամակագիրն իրավապաշտպանին խնդրել է այս մասին տեղյակ պահել ոստիկանության բարձրագույն մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանապետին, և օգնել վերականգնելու իրավական արդարությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարվել՝ անանուն նամակում ներկայացված փաստերի շուրջ քննություն կատարելու և այս փաստերի իսկությունը պարզելու խնդրանքով:
Կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար: