ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրությունները սպառնում են բավական աղմկոտ լինել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ով այսօր պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե 8 տարի շարունակ Պալատում փաստաբանները տարանջատված են յուրայինների և օտարների, ու բոլոր գործուղումներին մասնակցում են ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի մտերիմները: Գրիգորյանը նաև ասել է, որ Սահակյանն ուզում է, որ իր իրավահաջորդը լինի ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Թերթի հետ զրույցում Սահակյանը հաստատել է Զոհրաբյանին որպես իր իրավահաջորդ տեսնելու մասին լուրը:
Զոհրաբյանը ձեռնպահ է մնացել այդ հարցին պատասխանելուց, միայն ասել է, թե ՓՊ փոխնախագահի և խորհրդի անդամի պաշտոններից հրաժարական է տվել, որպեսզի հավասար պայմաններում մասնակցի ընտրություններին:
Նշենք, որ իրենց թեկնածությունները, բացի Զոհրաբյանից, առաջադրել են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Աշոտ Թադևոսյանը: