Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշերի սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել ևս երեքով, գրում է «168 ժամ» պարբերականը:
Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշներում օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U և V տառերը: Դրանց կավելանան նաև C, F և Z տառերը: Որոշման նախագիծը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից այսօր ներկայացվելու է կառավարության հաստատմանը:
Լրացուցիչ տառերի ավելացմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել «գոլդ» համարանիշների տարբերակների քանակը, և հետևաբար ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից։
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են»,- իր հիմնավորման մեջ նշել է ոստիկանությունը:
«168 ժամ»-ը նշում է, որ նոր տառեր ներմուծելուց հետո թանկանալու են «սուպերգոլդ» համարանիշերը: Մասնավորապես, բոլոր 5 տվերի և նույն տառերի սերիա ունեցող համարանիշները (XX YY XXX) նախկին 5 միլիոն դրամի փոխարեն կարժենան 8 միլիոն դրամ: