Home / Հայաստան / Ոստիկանությունը իր և Ռուսաստանի դեսպանության հայտարարություններում հակասություն չի տեսնում

Ոստիկանությունը իր և Ռուսաստանի դեսպանության հայտարարություններում հակասություն չի տեսնում

ՀՀ ոստիկանությունը պնդում է, որ օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը չի կարելի հակադրել ՀՀ ոստիկանության հաղորդագրությանը:

«Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…», ինչը և բնական է, քանի որ բոլորին է հայտնի, իսկ նրանց, ովքեր տեղյակ չեն ասենք՝ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս փաստվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա նկատենք, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք  «և/կամ առարկա (ներ) նետել»-ու մասին», – նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, սակայն, որ ՌԴ դեսպանությունը «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը» արտահայտությամբ հերքում է տարածք մուտք գործելու փորձի փաստը, ինչին ոստիկանության հաղորդագրության մեջ անդրադարձ չկա:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է նաև, որ Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է  ՌԴ դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, սակայն տեսագրությունները դեռ  չեն տրամադրվել: