Home / Հայաստան / Սպառողական շուկայում քաոսային վիճակ է. փորձագետ

Սպառողական շուկայում քաոսային վիճակ է. փորձագետ

Սպառողական շուկայի բոլոր ոլորտներում՝ պարենային, ոչ պարենային, տրանսպորտի, քաոսային վիճակ է տիրում, ինչը  պայմանավորված է կամայականությունների կիրառմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսը նշել է, որ իր խոսքերի ցայտուն վկայությունն է, օրինակ, տրասնպորտի գնի բարձրացման և իջեցման մասին որոշումը, որը որևէ հիմնավորում չի ունեցել:

«Տրանսպորտի գնի դեմ պայքարը 100 դրամի պայքար չէր, այլապես կարող էինք պահանջել, որ պետությունը սուբսիդավորում անի: Հարցը գերշահույթները կանխելն էր»,- ասել է Պիպոյանը:

Նա նաև անդրադարձել է դրոշմավորվող ապրանքների թանկացմանը (նոր օրենքի համաձայն ապրանքների վրա նշվում է ներմուծված կամ Հայաստանում արտադրված լինելը)՝ նշելով, որ  թեև առաջին հայացքից թվում է, որ դրոշմավորումը դրական է, քանի որ պայքարում է ստվերի դեմ, սակայն իրականում այն հանգեցրել է թանկացումների: Նրա խոսքով՝ 2-3 դրամ արժողությամբ դրոշմակնքի ներմուծումից հետո գները թանկացել են 30-40 դրամով:

«Դո՞ւք ստվերում եք աշխատում, որ 30-40 դրամով թանկացնում եք»,- սպառողներին հռետորական հարց է ուղղել Պիպոյանը:

Նրա խոսքով՝ դրոշմակնքիների պատճառով թանկացել է գարեջուրը, զովացուցիչ ըմպելիքները, սուրճը: Բանախոսը նշել է, որ չկա գների կանոնակարգմամբ զբաղվող հանձնաժողով, և վերահսկման համակարգի նկատմամբ պետական քաղաքականությունն այնպիսին է, որ կամայականություններ կիրառելու կաշկանդող հանգամանք չկա: