Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակում խնդրում է կասեցնել Արտինիի կայարանի ապամոնտաժման աշխատանքները:
Նա նշում է, որ երեկ տեղեկացել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը և փակում է երկաթուղային կայարանը՝ գործազուրկ դարձնելով 5 հոգու:
«Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտնից բորբոքված են և բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ:
Պարոն Սարգսյան, ի գիտություն ընդունեք տարակուսանքս ու մեծ դժգոհությունս այսօրինակ կոնցեսիոն կառավարման դեմ, արդյո՞ք կոնցեսիոն կառավարման իրավունքը թույլ է տալիս ժամանակավոր կառավարչին նվազեցնել Հայաստանի երկաթուղու թողունակությունը, ի՞նչ իրավունքով է այս կառավարիչը այսօրինակ գործողություններ իրականացնում, արդյո՞ք աշխատատեղերի կրճատումը, երկաթուղային կայարանի փակումը և գծի ապամոնտաժումը նախատեսված է կոնցեսիոն կառավարման պայմանագրով, և, վերջապես, արդյո՞ք Դուք երաշխիքներ ունեք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել, թունելները փակել, կամ կամուրջները քանդել, ինչի՞ վրա են հենվում Ձեր ունեցած երաշխիքները:
Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից, խնդրում եմ, միջոցներ ձեռք առնել անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները և այսուհետևբացառել այսօրինակ ինքնագործունեությունը», – գրում է Բարսեղյանը:
Նշենք, որ «Հարավկովկասյան» երկաթուղիներ ՓԲԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է «Ռուսաստանյան երկաթգծեր» ընկերությանը: Երեկ ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանը, մեկնաբանելով Արտենիի կայարանի շուրջ ստեղծված իրավիճակը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ապամոնտաժման հիմնական և միակ պատճառն այն է, որ տվյալ հատվածում փոխադրման աշխատանքների լիարժեք իրականացման համար բավական է միայն մեկ գիծ ունենալը: Նա նշել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու օրակարգում չկա որևէ կետ Արտենի կայարանի լուծարման, ինչպես նաև աշխատակիցների կրճատման մասին»: