Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ նման եզրակացության համար հիմք են ծառայում «ձեռք բերված տվյալները»
«Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ», – նշված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ կրակոցների հետևանքով զոհվել էր զինծառայող Նորայր Պետրոսյանը, մեկ այլ զինծառայող Արթուր Ասոյանը վիրավորվել էր:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի ուղղությամբ կրակոցներ չեն արձակել: