«Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսի շրջանակներում նկարահանված 5 փաստագրական ֆիլմեր ցուցադրվում են ՆՓԱԿ-ում: Ֆիլմերն անդրադառնում են Կարս և Գյումրի քաղաքներում փակ սահմանի հետևանքով ստեղծված իրավիճակին, սակայն դրանցից յուրաքանչյուրն առանձին մարդկային պատմություն է ներկայացնում և նկարահանվել է համատեղ՝ հայ և թուրք արվեստագետների կողմից:
Երեկ ցուցահանդեսի բացմանը ներկա էին գրեթե բոլոր մասնակիցները և ծրագիրը նախածեռնող «Հրանտ Դինք» հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունների ներկայացուցիչները:
Դենիզ Պեկիյիսսի և Ալեքսեյ Մանուկյանի ֆիլմը, օրինակ, պատմում է Կարսում բնակվող քրդերի մասին: Ֆիլմի հերոսը պատմում է, որ իրենց նախնիները ևս 1915 թվականին թուրքական իշխանությունների կողմից օգտագործվել են հայերի դեմ, և դա, կարծես, անեծքի է վերածվել, քանի որ այժմ էլ իրենք, թեև ապրում են հայերի գյուղում, նրանց տներում, խտրականության զոհ են:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ թուրքական իշխանությունները սխալ դիրքորոշում ունեն ոչ միայն հայերի հարցում, այլև Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ, ինչպես նաև կանանց և ԼԳԲՏ խմբի մարդկանց դեմ: Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումն էլ պետք է դիտել ընդհանուր մտածողության փոփոխության անհրաժեշտության համատեքստում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Դենիզ Պեկիյիսսը:
Ֆիլմերի մի մասը նկարահանվել է Գյումրիում: Դրանցից մեկը պատմում է Գյումրիում մի գնացքի կայարանի մասին, որի 10 աշխատակիցներ ամեն օր աշխատանքի են գալիս, թեև այն չի աշխատում, սահմանը փակ, է և գնացքը չի գնում Գյումրիից Թուրքիա:
«Այն, որ կայարանը բաց է, ինձ համար սպասման, հույսի նշան է, որ սահմանը կբացվի: Սա աշխատակիցների մեսիջն է իշխանություններին, որ իրենք հաղորդակցման վերականգմանը կողմ են»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Էրեն Այթուղը: Ռեժիսորը առաջին անգամ է Հայաստանում և կարծում է, որ Գյումրին և Կարսը, թեև վաղուց հաղորդակցություն չունեն, գրեթե չեն տարբերվում իրենց քաղաքային ճարտարապետությամբ:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 7-ը: