ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված և նրանց ղեկավարությամբ տարիներ շարունակ գործած ֆինանսական բուրգի հայտնի գործը, որի շրջանակներում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից մոտ 2.5 միլիոն դոլար էր «հավաքագրվել», ըստ ամենայնի, գտնվում է կոծկման փուլում: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երեկ Հատուկ քննչական ծառայությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այդ գործով կա մեկ ձերբակալված, սակայն գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել։ Ձերբակալվածը ոմն Արթուր Անդրեասյանն է, ով փաստացի կառավարել է նշված ֆինանսական բուրգը։ Նա նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գործող փոխանակման կետերի համակարգողն է։
Միևնույն ժամանակ թերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն այլ անձանցից 2.5 միլիոն դոլարի գումար հավաքած ու «սկած» այս բուրգին վերագրում է ընդամենը մոտ 25 հազար դոլարի գումար։
«Այսինքն, իբր բուրգը այլ անձանցից յուրացրել է ընդամենը 25 հազար դոլար։ Բազմաթիվ անձինք, որոնցից գումար է վերցրել այս կառույցը, գործով չեն երևում։ Տուժող չի ճանաչվել նույնիսկ այն քաղաքացին, որը առաջինն է դիմում ներկայացրել իրավարպահներին այս կառույցի գործունեության մասին և մոտ 50 հազար դոլար է կորցրել:
Ամենայն հավանականությամբ, ձերբակալվածը կփոխհատուցի նշված 25 հազար դոլար գումարը, և քրգործը կփակվի։ Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ժամանակին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Նույն գործով անցնող Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը նույնիսկ պաշտոնից չազատվեց: Մի խոսքով, ակնհայտ է, որ ֆինանսական բուրգի գործը փակվում է և բարձրաստիճան որևէ ոստիկան դրա համար լուրջ պատիժ չի կրելու», – գրել է թերթը։