1989 թվականից մինչ օրս տրոլեյբուսի պարկի վարչական շենքում բնակվող ազատամարտիկ Վարդգես Սմբատյանի 5 հոգանոց ընտանիքին սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը։ Այս մասին ազատամարտիկը պատմել է Երևանի էլեկտրատրանսպորտ պետական ՓԲԸ այցելած Eprees.am-ի թղթակցի հետ զրույցում։
Սմբատյանը 2009 թվականից տնօրենի հրամանով զրկվել է տրոլեյբուսի վարորդի աշխատանքից, սակայն վերականգնվելու կամ այլ աշխատանքի անցնելու բազմաթիվ դիմում-բողոքները մինչ օրս մնացել են անպատասխան։
«Հիմա էլ եկել հասել եմ էն վիճակի, որ կնոջս են ազատել աշխատանքից։ Կինս հավաքարար էր աշխատում տրոլեյբուսի պարկում, տնօրեն Հարութ Երեմյանը ազատեց՝ պատճառաբանելով, թե «լավ չի մաքրում»: Այժմ էլ ասում է՝ «եթե չեք աշխատում, ազատեք տարածքը, ինձ շենքն ա պետք, գրասենյակները պիտի մեծացնեմ»։ Թուղթ ա ուղարկել, որ մեզ համար տեղ ճարենք, գնանք», – պատմել է մեր զրուցակիցը։
Վերջինս ասել է, որ 5 հոգանոց ընտանիքը ապրում է 22 քմ տարածքում ու, անհարմարությունից ելնելով, երբեմն ինքն ու իր կինը ստիպված են լինում գիշերը լուսացնել կամ դրսում, կամ շենքի միջանցքում։
«Տղաս ամուսնացել է, հարս ունենք, տղա թոռնիկ ունենք ու ամուսիններով ամաչում ենք երիտասարդների հետ քնել նույն սենյակում, պատի փոխարեն վարագույրով ենք սենյակը բաժանել։ Էսպես տառապելով ապրում ենք», – նշել է ազատամարտիկը։
Նա ասել է, որ տնօրինության հետ խնդիրները սկսվել են դեռևս վարորդ աշխատելու ժամանակվանից, երբ մյուս վարորդների հետ աշխատավարձերի բարձրացման համար դիմել է Երեմյանին։
«Տղաներով դիմեցինք, բայց տնօրենը դիմումն արհամարեց ու չիմացանք, թե ով՝ այդ թուղթը տարել էր քաղաքապետարան: Երեմյանն էլ կանչեց ու ասաց, թե ես եմ բողոքը քաղաքապետարան հասցրել։ Ես ասացի, որ տեղյակ չեմ ու մի քանի հոգով ազատվեցինք աշխատանքից։ Լրագրողներ եկան, նկարահանեցին, թե ինչ պայմաններում ենք ապրում, դրանից հետո էլ կանչեց, թե «ո՞վ է պահակին թույլ տվել, որ լրագրողներին ներս է թողել»։ Ես էլ ասացի, թե ուրախ պիտի լինես, որ եկել են պայմաններս նկարում են ու հնարավոր է, որ հաջողվի, ու մենք ազատենք այս տարածքը», -նշել է մեր զրուցակիցը։
Այժմ Սմբատյանը տարակուսած է. հայտնվել է անորոշ վիճակում ու չգիտի՝ որտեղ է բնակվելու։
«Չեմ պատրաստվում Հայաստանից գնալ, ոչ մի պայմանով հայրենիքս չեմ լքի՝ անգամ եթե ստիպված լինեմ փողոցում գիշերել։ Պայքարի տարբերակ առայժմ չեմ մտածել, ծայրահեղ դեպքում կդիմեմ հացադուլի, բայց առայժմ հույս ունեմ, որ գոնե Սեյրան Օհանյանը կվերանայի անօթևան ազատամարտիկների գործերը», – եզրափակել է ազատամարտիկը։
Ի դեպ, ազատամարտիկի ընտանիքի բոլոր հյուրերը նրանց այցելության են գնում միայն տնօրինության թույլտվությունն ստանալուց հետո։