Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ. Գողոնը կասկածելի են «հայտնաբերել». պաշտպանները վստահ են՝ գործը «սարքում են»

ՎԻԴԵՈ. Գողոնը կասկածելի են «հայտնաբերել». պաշտպանները վստահ են՝ գործը «սարքում են»

Տավուշի մարզի Բերդ քաղաքից 47 միլիոն դրամի գողության գործով առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում են և տուժողը, և պատասխանող կողմը: 47 միլիոնի դրամի համաժեք ոսկյա իրեր և թղտադրամներ կորցրած տուժող կողմը դժգոհ է, որ կասկածյալներից մեկը՝ Մասիս Խաչատրյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ինչը, ըստ տուժողի ներկայացուցչի, մեղմ պատիժ է, իսկ մյուսը՝ Կորյուն Ալավերդյանը, արդարացվել է:

Խաչատրյանը, ում դատապարտել են ոսկեղենի գողության համար, նույնպես վճիռը բողոքարկել է, քանի որ համարում է, որ իրեն պետք է արդարացնեն: Նա պնդում է, որ իր դեմ առկա միակ ապացույցը՝ իր տանը խուզարկությամբ հայտնաբերված գողացված դեղին գույնի առյուծի պատկերով մատանին, պահարանի դարակում գցել է ոստիկանույթան աշխատակից Վոլոդյա Չոբանյանը:

Մեղադրյալների պաշտպանները համոզված են, որ երկու ամբաստանյալների «գլխին գործ են սարքում», քանի որ իրենք չեն կատարել գողությունը, և նրանց դեմ ոստիկանությունը փորձել է անօրինական ճանապարհներով ապացույցներ հավաքել:

Կորյուն Ալավերդյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի հետ ներքին օպերատիվ դիտումը, որին տուժող կողմը հղում է անում, թեև այն հանվել է ապացույցների շարքից,  տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Տավուշի ոստիկանության վարչության պետը, Կորյուն Ալավերդյանին հարցաքննելով, ասել է, որ եթե նա իր հետ չհամագործակցի, ապա ինքը կզանգի դատարանին և կասի, որ Կորյունին ևս մեղավոր ճանաչեն:

«Եթե այդ տեսանյութը ճանաչվի ապացույց, ապա բարձրաստիճան ոստիկանի դեմ կամ պետք է գործ հարուցվի կամ պետք է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեն»,- ասել է Հակոբյանը:

Ըստ նրա՝ թեև իրենք դեմ են, որ ձայնագրությունը գործին կցվի, քանի որ այն մոնտաժված է, սակայն այդ նույն զրույցի ժամանակ ոստիկանն ասում է, որ իրենց պետք է գտնել գոնե մեկ իրեղեն ապացույց, և այդ զրույցից  երկու ամիս անց Մասիս Խաչատրյանի տանը «հայտնաբերվում» է մեկ մատանի և այդ հայտնաբերելուց հետո  հետախուզությունը դադարեցրել են:

Ըստ պաշտպանի՝ կասկածելի է նաև այն, որ տուժողը՝ Վլադիմիր Վանեսյանը, և նրա կինը մի քանի անգամ հարցաքննվելով չեն ունեցել որևէ կասկածներ և միայն վեց ամիս գողությունից անց՝ մատանին «հայտնաբերելուց հետո», ասել են, թե իրենք գողության օրը իրենց խանութում տեսել են Մասիս Խաչատրյանին:

Երեկվա գործով տեղի է ունեցել առաջին նիստը Վերաքննիչ դատարանում:  Բողոքը ներկայացնելու հնարավորություն են ունեցել դատախազը, տուժողի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը, սակայն պաշպանական կողմին հերթը չի հասել. նիստն ընդհատվել է դատավոր Գագիկ Ավետիսյան բերած այն պատճառաբանությամբ, թե դատարանը ծանրաբեռնված է: Դատավորը, ի դեպ, թույլ չի տվել լրագրողներին և  նիստին հետևող իրավապաշտպան «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանին նկարահանել դատարանի դահլիճում՝ ասելով, թե «նա կաշկանդում է դատարանին»: Դանիելյանն ասել է, որ  դատարանի նման պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դատարանը անկախ չէ և վախենում է գործի հրապարակային դառնալուց: